ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Շիրակի մարզում կանցկացնեն «բաց դռների օր»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 2, 2010 14:12

Շիրակի մարզում սեպտեմբերի 5-13-ը կանցկացվի «բաց դռների օր» ԱՄՆ-ից ժամանած բժիշկների մասնակցությամբ` Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, Միացյալ համահայկական հիմնադրամի եւ ԱՄՆ «Երեխաների սնուցում» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Ղազարյանը, բժիշկների թվում լինելու է ակնաբույժ, թերապեւտ, ատամնաբույժ եւ դեղագետ: Նրանք կայցելեն Աղին, Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ, Մեծ Մանթաշ, Պեմզաշեն եւ Մարալիկ: Չնայած այցելուների ընդունելությունն անցկացվելու է տվյալ համայնքներում, խորհրդատվությունից կարող են օգտվել մարզի բոլոր համայնքների բնակիչները:

«Տվյալ համայնքների բուժհաստատությունների հիմնական առօրյան չխախտելու նպատակով ամերիկացի մասնագետները ցանկություն են հայտնել բուժզննումն ու խորհրդատվությունն անցկացնել համայնքների վարչական կառույցներում»,-նշեց Ս. Ղազարյանը: Անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վիրահատական փոքր միջամտություններ, այցելուներին անվճար կտրամադրվեն նաեւ ակնոցներ եւ դեղորայք:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply