ԱՄՆ-Ռուսաստան ռազմական մրցակցությունը Մոսկվայի «exclusive շահերի գոտում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 2, 2010 12:30

«Գիտակցելով զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքը` ես ուղևորվեցի Ռուսաստան` սկսելու աշխարհում սպառազինության անվտանգության նոր ժամանակաշրջան»,-ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական գրառումներից մեկում:

2009թ. հուլիսին Օբամայի մոսկովյան այցով հռչակվեց Վաշինգտոնի «Reset» (վերաբեռնավորման) ռազմավարությունը Ռուսաստանի ուղղությամբ:

Այդ պահից սկսած և ԱՄՆ-Ռուսաստան վերաբեռնավորվող հարաբերությունների համատեքստում յուրաքանչյուրը մինչ օրս փորձում է սեփական պաշտպանական հովանոցի տակ առնել հետխորհրդային տարածությունը: Վերջինս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հետօգոստոսյան պատերազմի ելույթում անվանեց ռուսական «էքսկլյուզիվ շահերի գոտի»:

Հայաստանը համարվում է ընդամենը այդ գոտու մի բաղադրիչը: Ուստի, վերջերս Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը չի վերաբերում միայն Հայաստանին ու Ռուսաստանին` որպես դաշնակցային հարաբերությունների օրինակ, չի վերաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը` որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորություն, և առհասարակ չի վերաբերում միայն Հարավային Կովկասին կամ Կովկասին:

Լեհաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը և Բուլղարիան` որպես հիմնարար ենթագոտիներ, ընդգրկված են ԱՄՆ-Ռուսաստան ռազմական մրցակցության համատեքստում, և Վաշինգտոնի ու Մոսկվայի յուրաքանչյուր ռազմավարական քայլ այս երկրների ուղղությամբ բացատրվում է ԱՄՆ-Ռուսաստան նոր հարաբերությունների տրամաբանությամբ:

Reset և START ԱՄՆՌուսաստան հարաբերություններում

Ամերիկյան «Reset» քաղաքականության առաջին քայլը 2009 թ. սեպտեմբերին էր, երբ Օբաման կասեցրեց նախկին նախագահ Ջորջ Բուշի` Չեխիայի Հանրապետությունում ռադարային համակարգ, իսկ Լեհաստանում 10 ցամաքային կանխազարկ հրթիռներ տեղակայելու պլանը, որին Մոսկվան ընդդիմացել էր` համարելով սպառնալիք իր անվտանգությանը:

Փոխարենը Օբաման հայտարարեց, որ արտաքին (Իրանի) սպառնալիքներից Եվրոպան պաշտպանելու համար ԱՄՆ-ն մինչև 2011 թ. կտեղակայի ավելի փոքր` ցամաքի ու ծովի վրա հենված SM-3 (ստանդարտ հրթիռ-3) կանխազարկ հրթիռների կոմբինացիոն համակարգեր:

Ի պատասխան այս քայլի` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը զուսպ շնորհակալություն հայտնեց նշելով. «Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների նախագահի պատասխանատու մոտեցումը մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Ես նախապատրաստված եմ շարունակելու այս երկխոսությունը»:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Օբամայի որոշումն անվանեց «ճիշտ ու համարձակ»:

Իսկ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ ի պատասխան Վաշինգտոնի քայլի` Ռուսաստանը կդադարեցնի Լեհաստանի մոտ կարճ հեռահարության հրթիռների տեղակայման իր պլանները, ավելացնելով, որ «համագործակցությունը Ռուսաստանի հետ ընտրության պատճառ չէ, այլ անհրաժեշտություն»:

Մինչ Օբաման, գիտակցելով Ռուսաստանի «անհրաժեշտությունը», Մոսկվայի հետ հարաբերությունների դրամատիկ փոփոխության միջոցով փորձում էր շահել Ռուսաստանի աջակցությունը Աֆղանստանի ու հատկապես Իրանի հիմնախնդիրների առնչությամբ, հետխորհրդային Ռումինիան և Բուլղարիան հայտարարեցին, որ բանակցում են Վաշինգտոնի հետ` 2015 թվականից իրենց տարածքներում ԱՄՆ հրթիռային հովանոցի բաղադրիչներ տեղակայելու շուրջ:

2010 թ. փետրվարի 4-ին Ռումինիայի Պաշտպանության գերագույն Խորհրդի կնքած պայմանագիրն իր տարածքում SM-3 կանխազարկ համակարգի տեղակայման մասին Իրանի սպառնալիքի դեմ Օբամայի ադմինիստրացիայի նոր հրթիռային պաշտպանության ծրագրի առաջին քայլն էր: Այն գործառնական կդառնա 2015 թվականից:

Թեև Սերգեյ Լավրովը մտահոգություն հայտնեց Ռումինիայի բազայի վերաբերյալ` ԱՄՆ-ից պահանջելով «մանրամասն բացատրություն», այնուամենայնիվ ակնհայտ է, որ ինչպես հայտարարել է ԱՄՆ ադմինիստրացիան, SM-3-ը չի կարող լինել Ռուսաստանի դեմ, գոնե միայն այն պատճառով, որ Ռուսաստանը չունի ցամաքի վրա հենված միջին հեռահարության (1000 -5.500 կմ) կամ կարճ հեռահարության (500 -1000 կմ) բալիստիկ ու նավարկային հրթիռներ. բոլորը ոչնչացվել են 1991 թ. հունիսին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրով:

Նույն ամսին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին վավերացրեց Ուժերի կարգավիճակի պայմանագիրը (SOFA) ԱՄՆ-ի հետ` սահմանելով Լեհաստանի տարածքում ԱՄՆ զինուժի տեղակայման պայմանները: SOFA-ն ստորագրվել է Վարշավայում 2009 թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության գծով տեղակալի և Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալի միջև:

Ըստ այդ պայմանագրի` ԱՄՆ զինուժը կծառայի Patriot հրթիռների համար, որոնք նախատեսված էին ներառել Լեհաստանի ազգային անվտանգության համակարգում: Դեռևս հունվարին Լեհաստանը հայտարարել էր, որ Մորագ քաղաքում` Ռուսաստանի էքսկլավ Կալինինգրադի սահմանից 100 կմ (60 մղոն) հեռավորության վրա, կտեղակայի ԱՄՆ Patriot հրթիռների մարտկոց: Մոսկվայի արձագանքն այս հարցի առնչությամբ մեղմ էր. Լավրովը նշեց, որ որոշումը չի վախեցնում Ռուսաստանին:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում հարաբերական անկայուն վստահության պայմաններում Օբաման և Մեդվեդևը 2010 թ. ապրիլին Պրահայում ստորագրեցին նոր START-ը (Ռազմավարական սպառազինության կրճատման դաշինք): Սա շարունակությունն էր 1991 թ. START I-ի, որը սպառվել էր 2009 թ. դեկտեմբերին, 1993 թ. START II-ի և 2002 թ. Մոսկվայի դաշինքի (SORT), որը պետք է ավարտվեր 2012 թ. դեկտեմբերին: Նոր START դաշինքն ուժի մեջ պետք է մտնի երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

Այդուամենայնիվ, ինչպես Ամերիկացի գիտնականների դաշնության միջուկային տեղեկատվական նախագծի տնօրեն Հանս Քրիսթենսենն է պնդում, Միացյալ Նահանգները, դեռևս չվավերացրած պայմանագիրը, կրճատում է սպառազինությունը (տե՛ս աղյուսակը):

Հատկանշական է, որ Օբաման արդեն կրճատել է Ալյասկայում և Կալիֆոռնիայում ծրագրված ցամաքի վրա հենված կանխազարկ հրթիռների թիվը` 44-ից հասցնելով 30-ի, և հարկ է նշել, որ դրանք են Միացյալ Նահանգների գլխավոր պաշտպանությունը հեռահար բալիստիկ հրթիռներից:

Մինչ Օբամայի քննադատները (մինչ օրս) մատնանշում էին պայմանագրի հոդվածների վտանգավորությունը (օրինակ` Heritage Foundation-ի ռազմավարական սպառազինության հարցերով փորձագետ Բեյքեր Սփրինգը նշում է, որ պայմանագրի նախաբանում ընդհանուր առմամբ, իսկ V հոդվածով` մասնավորապես, արգելվում է ICBM-ի (միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ) և SLBM-ի (սուզանավա-մեկնարկային բալիստիկ հրթիռներ) փոխակերպումը հրթիռային արձակման պաշտպանության), և քննադատում է Վաշինգտոնի նոր քաղաքականությունը: 2010 թ. մայիսին Օբաման, համաձայն փետրվարին վավերացված SOFA-ի, ժամանակավոր ռազմական բազա բացեց Լեհաստանի հյուսիսային Մորագ քաղաքի մոտ` Ռուսաստանի սահմանից 80 կմ (50 մղոն) հեռավորության վրա:

Լեհաստանում PATRIOT-ի տեղակայումը և Բուլղարիայի հարաբերական մարգինալությունը

Մորագում տեղակայված Patriot հրթիռների մարտկոցը մինչև 2012 թ. պետք է ընդգրկվի Լեհաստանի օդային պաշտպանության համակարգում:

Կոմունիզմի փլուզումից և 17 տարի առաջ Լեհաստանից Խորհրդային Միության հյուսիսային բանակի խմբի դուրսբերումից ի վեր, փաստորեն, առաջին անգամ է, որ օտար պետության զինվոր է ոտք դնում Լեհաստան:

Patriot զենիթահրթիռային, հակաօդային պաշտպանության համակարգերը նախատեսված են` հակազդելու տակտիկական բալիստիկ հրթիռներին, նավարկային հրթիռներին և զարգացած օդանավերին:

Ռուսաստանը հայտարարեց, որ չի նախատեսում արձագանքել Patriot-ի տեղակայմանը Լեհաստանի սահմանում կարճ հեռահարության Iskandar հրթիռների տեղակայմամբ (Կալինինգրադում): «Ներկայումս Iskandar հրթիռներ տեղակայելու պատճառ չկա, քանի որ ամերիկյան Patriot հրթիռները հակաօդային պաշտպանության համակարգի մաս են, ոչ թե հակահրթիռայինի»,-նշեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

«Կարծում ենք` ԱՄՆ-Լեհաստան համագործակցությունում տրամաբանություն չկա, մասնավորապես, երբ խոսքը Patriot համակարգերի մասին է: Մենք չենք հասկանում` ինչու են նրանք տեղակայել բազան Ռուսաստանի սահմանների մոտ: Ամերիկացիներից ու լեհերից ստացված պատասխանները բավարար չեն»:

«Մենք մինչ այժմ լսել ենք միայն մի բան. մի անհանգստացեք, սա ուղղված չէ ձեր դեմ, – հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը,- մենք սա արդեն լսել ենք նախկինում և ենթադրում ենք, որ Վաշինգտոնի և Վարշավայի միջև հարաբերությունների նոր բնույթը հնարավորություն է տալիս մեզ ակնկալելու ավելի մանրամասն բացատրություններ, թե ինչ է կատարվում»: Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը, ի պատասխան  նշեց, որ տեղակայված համակարգը խթանում է իր պետության անվտանգությունը` առանց Ռուսաստանին սպառնալիք դառնալու: Լեհաստանում ԱՄՆ դեսպան Լիի Ֆեյնշտեյնը հավաստիացրել է, որ թեև 6 շարժական (mobile) Patriot արձակիչներ Լեհաստանում են, բայց  հրթիռներ դեռևս չկան, կլինեն ավելի ուշ:

Մարտկոցը հիմնված է Գերմանիայում և ամեն ամիս վերազննում կանցնի Լեհաստանում առաջիկա 2 տարիների ընթացքում 100-150 ԱՄՆ զորքերի հետ միասին: «Տեղակայման նպատակը միմիայն լեհական ռազմական անձնակազմի վերապատրաստումն է»,-նշել է Ֆեյնշտեյնը:

Ռուսաստանի հարաբերական մեղմ արձագանքը պայմանավորված էր թե՛ բազայի միայն 2012-ին մշտական դառնալու փաստով, թե՛ նաև համապատասխան հակազդող քայլեր անելու իրավունքի արդարացմամբ. օրինակ` S-300 համակարգերի ներդրումը Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, հնարավոր է` Ադրբեջանում և հատկապես Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչև 2044 թ. երկարաձգելու փաստերը:

ԱՄՆ-ի քայլերը հավասարակշռող այս հանգամանքները, ինչպես նաև Օբամայի սպառազինությունների կրճատմանն ուղղված քայլերն էին պատճառը, որ 2010 թ. հունիսին Ռուսաստանը հայտարարեց, թե պաշտպանում է ՄԱԿ-ի սանկցիաները Իրանի դեմ` կապված միջուկային ծրագրի հետ:

Մինչ Հիլարի Քլինթոնը նախապատրաստվում էր հուլիսին իր 5-երկրյա ուղևորությանը և հատկապես Լեհաստան այցին, որը նպատակ ուներ կարգավորել ամերիկյան բազայի տեղակայման տեխնիկական պայմանները, հետխորհրդային մեկ այլ երկիր` Բուլղարիան, հայտարարեց ռուսական տնտեսական նախագծերից հեռանալու և արտաքին կուրսը դեպի Արևմուտք ուղղելու վերաբերյալ: Հունիսին վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարեց, որ Բուլղարիան «հրաժարվում է» 1-1.5 մլրդ դոլար արժողության Բուրգաս-Ալեքսանդրապոլիս նավթամուղի նախագծից, իսկ Բելենի միջուկային ատոմակայանի նախատեսված կառուցումը հետաձգվում է:

Հայտարարությունն այնքան անսպասելի էր, որ Բուլղարիայի էներգետիկայի նախարարը, երբ հարցրին դրա մասին, ասաց` «չի կարողանում հավատալ», որ իր վարչապետը նման բան է ասել: Մի քանի ժամ անց Բորիսովը կրկին հայտարարություն արեց, որ «Բուլղարիայի կառավարությունը վերջնական որոշում չի կայացրել Բուրգաս-Ալեքսանդրապոլիս նավթամուղի շինարարության կապակցությամբ»:

Այս վարքագիծը հարցականի տակ է դնում ռուս-բուլղարական հարաբերությունները, քանի որ այդ նավթամուղի նպատակն է ռուսական (նաև կասպիան) նավթը բուլղարական Բուրգաս սևծովյան նավահանգստից փոխադրել հունական Էգեյան նավահանգիստ` Ալեքսանդրապոլիս. սա փաստորեն այլընտրանքային ուղի է ռուսական նավթի համար` շրջանցելու Բոսֆորն ու Դարդանելը: Բորիսովի խոսքերով` նավթամուղի նախագիծը կանգնեցվել է միջավայրի հետ կապված հիմնախնդիրների պատճառով, նաև այն մտահոգության, որ նավթամուղը կարող է ազդել Բուլղարիայի ծաղկող տուրիզմի ոլորտի վրա:

Բուլղարիան, փաստորեն, իր արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում մարգինալ վիճակում է. հարևան և պատմական մրցակից Ռումինիան ավելի ագրեսիվ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի` Կենտրոնական/Արևելյան Եվրոպա ազդեցությանը հակազդելու ԱՄՆ ռազմավարական ծրագրում, արդեն տեղակայել է BMD (հակահրթիռային պաշտպանություն) համակարգ և աջակցում է ԱՄՆ-ին իր արտաքին քաղաքական որոշումներում: Այս պայմաններում Բուլղարիան չի ուզում մեկուսանալ հյուսիսում պրոամերիկյան Ռումինիայից և հարավում` Թուրքիայից: Հատկապես Թուրքիայի  առնչությամբ Բուլղարիան այսպես ասած «ավանդական մտահոգություն» ունի` կապված Բուլղարիայում իսլամական փոքրամասնության նկատմամբ Անկարայի ազդեցության հետ:

Այսպիսով, երբ Ռումինիան և Թուրքիան ԱՄՆ դաշինքներ են, բավականին դժվար է դառնում Բուլղարիայի համար պրոռուսական դիրքորոշում բռնել: Այդ իսկ պատճառով Սոֆիան պատրաստվում է BMD համակարգ տեղակայել իր տարածքում` անցնելով ԱՄՆ հակահրթիռային-հակաօդային պաշպանության հովանոցի տակ:

շարունակելի

Դիտվել է 2587 անգամ:
Print Friendly

Leave a Reply