Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 2, 2010 11:45

Սիրելի  հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է,  մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը:  Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ:  Հավերժ փա’ ռք նրանց անմահ հիշատակին:

Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է:  Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի’  արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և  այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ:  Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն եւ առաջընթաց:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply