Բելառուսի հավաքականը կխաղա առանց պարապմունք անցկացնելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2010 11:21

Այսօր Վանաձորում կմեկնարկի հանդբոլի տղանարդկանց միջազգային մրցաշարը: Մասնակից բոլոր երկրների հավաքականներն արդեն մրցավայրում են: Երեկ երեկոյան Վանաձորի «Հայաստան» առողջարան հասավ Վրաստանի հավաքականը:  Իսկ ուշ գիշերով  նույն կացարանում տեղավորվեցին Բելառուսի հավաքականի հանդբոլիստները: Ի դեպ,  այդ երկրի հավաքականն այսօր ուժերն է չափելու Հայաստանի ընտրանու հետ: Բելառուսի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ժուկը հայտնեց, որ թիմը հոգնած է և խաղին կմասնակցի առանց պարապմունք անցկացնելու: Նա նշեց, որ Բելառուսի հավաքականն իր մարտական կազմով է ներկայացել, բացակայում են միայն այն խաղացողները, ովքեր Մինսկի «Դինամո»թիմի կազմում են խաղում: Այդ ակումբը մասնակցում է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Նա հայտնեց, որ Բելառուսի հավաքականը հաջող չի մասնակցել օրերս Գերմանիայում կազմակերպված միջազգային մրցաշարին և կփորձի իրեն արդարացնել այս ստուգատեսում: Մարզիչը չթաքցրեց, որ մտադիրր են հաղթել բոլոր մրցակիցներին: Հայաստանի հավաքականի մասին նա միայն հայտնեց, որ վաղուց չեն հանդիպել և պատկերացում չունեն մրցակցի ներուժի մասին: Իրանի հավաքականին Ժուկը համարեց հանելուկ: Բելառուսի ներկայացուցիչը հայտնեց, որ Վրաստանի հավաքականի կազմի մի շարք լեգեոնականների կարողություններին ինքը ծանոթ է, քանի որ նրանք վերջին տարիներին խաղացել են Եվրոպական տարբեր ակումբներւմ: Վրաստանի հավաքականի մարզիչ Գիա Մամացաշվիլին հայտնեց, որ  վնասվածք է ստացել սերբական «Մետալոպլաստիկա»թիմում խաղացող Ռատի Մսկխվելիձեն: Սակայն նա գտնում էր, որ դա չի խանգարի իր թիմին պայքարել առաջին տեղի համար: Մամացաշվիլին նշեց, որ հայկական հանդբոլը վերջին տարիներին առաջադիմում է և դա  ակնառու է:  Վրացի մասնագետը տեղյակ չէր, թե ինչպիսի ներուժ ունի Բելառուսի հավաքականը: Ինչ վերաբերում է իրանցիներին, ապա մարզիչն ընդգծեց, որ թեև նախորդ տարի այդ երկրի ներկայացուցիչներին պարտվել էին, սակայն այն ժամանակ մարտական հավաքականով չէին խաղացել: Հավելենք, որ «Հայաստան» առողջարանում է մնում նաև Իրանի հավաքականը: Ի դեպ, իրանցիները նախապես պատվիրել էին, որ իրենց ա յսօր նախաճաշ և ճաշ տրվի ժամը 7:30-ին և 11:00-ին: Պատճառաբանություն այն էր, որ ժամը  16:oo-ին նախատեսված Բելառուսի հավաքականի հետ խաղին հանդբոլիստները ծանրաբեռնված ստամոքսներով չխաղան:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply