Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2010 22:28
Գիտելիքի օրվա առիթով այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երեւանի պետական համալսարան, ուր ելույթ է ունեցել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, նախարարը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին կուրսի ուսանողներին` մայր բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ, մաղթել գիտելիքներով եւ հաջողություններով լի ուսումնական տարի: Ըստ նախարարի` սեպտեմբերի 1-ին պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ավանդական դարձած հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու արտաքին քաղաքական իրադարձություններին, զարգացումներին երկրի դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերին: «Մեր նախորդ հանդիպումից հետո բավականին կարեւոր զարգացումներ տեղի ունեցան թե’ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, թե’ եվրոպական ուղղությամբ մեր դիվանագիտության կողմից ձեռնարկվող քայլերի, թե’ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:
Անցնող տարին նշանավորվեց հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմամբ, որի գագաթնակետն էր Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, բանակցությունները Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը: Այս ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթիի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը: Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Նրա խոսքերով` երկու տարի առաջ այս նույն սրահում խոսվել է այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիք չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա:
Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ են արել: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններն ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: «Ալմաթիում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված են եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը»,-նկատեց Է.Նալբանդյանը: Նրա խոսքերով` անցած ժամանակահատվածում որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես նշանավորվեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ: Մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մասին բանակցությունները, որոնց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը:Այս ժամանակահատվածում բավականին կարեւոր զարգացումներ եղան հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ:
Ուղիղ մեկ տարի առաջ` ծրագրված ստորագրումից 6 շաբաթ առաջ հրապարակվեցին հայ-թուրքական արձանագրությունները: «Դուք` որպես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ գիտեք, որ միջազգային հարաբերություններում ընդունված չէ, որ համաձայնեցված փաստաթղթերը ստորագրումից առաջ հրապարակվեն, այն էլ վեց շաբաթ առաջ: Մենք հրապարակեցինք, եւ պարզ դարձավ, որ այն ասեկոսեները, որ տեքստերի մեջ չկա ինչ-որ կապակցվածություն ղարաբաղյան հիմնախնդրի հետ կամ հարցականի տակ է դրվում Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը, այդ ամենը չէին համապատասխանում իրականությանը: Մենք սկսել էինք այս գործընթացը թուրքական կողմի հետ փոխըմբռնմամբ, որ գնում ենք կարգավորման առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ էլ համաձայնեցրեցինք եւ ստորագրեցինք այդ արձանագրությունները:
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարող հարգել եւ կատարել հարգել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը ստիպված էր կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ հնարավոր կլինի առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ թուրքական կողմը նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը: Մեր քայլերը գործընթացի ամբողջ ընթացքում եւ արձանագրությունների վավերցման կասեցումից հետո ըմբռնումով էին ընդունվում եւ վայելում էին միջազգային հանրության լիակատար աջակցությունը: Հայաստանը հանդես գալով որպես պատասխանատու, վստահելի գործընկեր ամրապնդեց իր հեղինակությունը միջազգային բեմահարթակում»,-վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերություններին, ապա, ըստ նրա, այս ժամանակահատվածում տարբեր մակարդակների բազմաթիվ փոխայցելություններ, բանակցություններ, հանդիպումներ տեղի ունեցան, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միջպետական փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք լուրջ հիմք կարող են հանդիսանալ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Պատասխանելով ուսանողների հարցերին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թ. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ` մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից:
Նախարարը հիշեցրել է, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին: Ի՞նչ է Հայաստանը նախատեսում անել բանաձեւի նախագծի կապակցությամբ հարցին ի պատասխան Է. Նալբանդյանը նշել է. «Մեր անցյալ հանդիպման ժամանակ ես ասել էի, որ դիվանագիտությունը նման է սառցե լեռան. այն մասը, որ երեւում է, շատ փոքր մասն է, մեծ մասն անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել»: «Այո, մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր, եթե ես բերեցի երեք հիմնարար հայտարարություններ, որոնք միջազգային հանրության կարծիքն են, մոտեցումն են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որոնք ընդունվել են վերջին ժամանակահատվածում, եւ որոնք են համահունչ են նաեւ մեր մոտեցումներին, կարծում եք այդ դիրքորոշումները օդից են ընկնում: Եթե Ադրբեջանը ոտնահարում է ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքը, ապա դրան հակառակ ամբողջ միջազգային հանրությունը կարեւորում է այս սկզբունքը որպես հիմնարար սկզբունք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Եթե որեւէ մեկը պաշտպաներ Ադրբեջանի դիրքորոշումը, այսպես ակնհայտորեն այս սկզբունքը տեղ կգտնե՞ր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթերի մեջ:
Ոչ»,-վստահեցրել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա` սրանք ձեռնարկվող համապատասխան քայլերի արդյունք են, ինչն ակհայտ է: Կարիք չկա հրապարակել դիվանագիտական խոհանոցի բոլոր մանրամասները: Հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք է լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարբեր ասեկոսեներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում:
Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ի՞նչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Գիտեք. ռուսերեն մի երգ կա «тихо сам с собою, я веду беседу»: Երեւի թուրքերը իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում: Կարող եմ ասել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմից որեւիցե կառուցողական քայլ չի արվել այս ուղղությամբ: Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից»:






Facebook
Tweet This
Email This Post
