ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2010 22:16

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկրորդ ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որոշվել է հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը երաշխավորել ընդգրկելու սեպտեմբերի 14-16-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի, Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ա.Նռանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ:

Հեղինակները խնդիր են դրել ապահովել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասի եւ կիրառվող պատժի համապատասխանությունը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաեւ լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանքի կիրառումը: Առաջարկվող փոփոխությամբ ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման եւ իրացման հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ, սպառողներին խաբելու ձեւերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը: Քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիկինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի եւ այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունեն: Կառավարությունը գործող քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում առաջարկում է փոփոխություններ:

132.2 եւ 132.3 նոր հոդվածներով քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում: ԱԺ պատգամավորները քննարկումների ընթացքում ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա կառավարության ներկայացուցիչը խոստացել է լրամշակել օրինագիծը: Քննարկված օրենսդրական փաթեթը եւ օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Մինչեւ 30 եւ 60 օրերով հետաձգվել են մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply