Բեսլանում սեպտեմբերի 1-ը տոնական օր չէ.այնտեղ սգում են ողբերգության 6 տարին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Անի Գասպարյան | September 1, 2010 15:56
Արդեն 6 տարի է, ինչ Բեսլանում սեպտեմբերի 1-ը չեն նշում այնպես, ինչպես ողջ աշխարհում: Երեխաներն այդ օրը դպրոց չեն գնում, այլ մեծերի հետ հիշում են 2004 –ի սեպտեմբերի այն սարսափելի օրը, երբ ահաբեկիչները, գրավելով թիվ 1 դպրոցը, ուսումնական տարվա սովորական սկիզբը վերածեցին երեք սև օրերի:
Հանցագործների ձեռքին հայտնվեց ավելի քան հազար մարդու ճակատագիր: Գերիները, որոնց մեծ մասը երեխաներ էին, երկու օր շարունակ մնացին առանց սննդի, ջրի ու բուժօգնության:
Երեք օր սպասելուց և ահաբեկիչների հետ բանակցությունների անարդյունավետ փորձերից հետո սեպտեմբերի 3-ին իրականացվեց գերիների ազատման գործողությունը: Սպորտդահլիճում, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ էին գտնվում, պայթյուններ որոտացին, անկանոն կրակահերթ սկսվեց երկու կողմից:
Ահաբեկչության զոհ դարձավ 186 երեխա: Զոհվեց ավելի քան 330 մարդ:
Դպրոցական զանգն այսօր այնուամենայնիվ քաղաքում կհնչի, սակայն այն կձուլվի եղեկեցական ղողանջներին` ազդարարելով ոչ թե նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև սգո արարողակարգի մեկնարկը, որը կշարունակվի երեք օր:
Այդ օրերին առավոտից երեկո դպրոցի հարևանությամբ կհնչի սգո երաժշտություն, մարդիկ ծաղիկներ ու պսակներ կբերեն, իսկ երեկոյան կվառվեն մոմեր դպրոցում և այն գերեզմանատանը, որտեղ հանգչում են ողբերգության զոհերի աճյունները:
Սգո երկրորդ օրը դպրոցի մոտ կտեղադրվի խաչ` այն վայրում, որտեղ ծրագրված է կառուցել ուղղափառ եկեղեցի:
Երրորդ օրը դպրոցի բակում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն, որին կմասնակցի նաև Հյուսիսային Օսեթիայի ղեկավարությունը:






Facebook
Tweet This
Email This Post
