Սեյրան Օհանյան.«Ադրբեջանցիները փախուստի են դիմել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2010 15:03

Ադրբեջանական կողմից այսօր տարածված լուրը, թե հայկական զինված ուժերն այսօր` առավոտյան, իրականացրել են դիվերսիոն գործողություն եւ տվել երկու զոհ, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես այսօր լրագրողների հետ կարճատեւ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեղի է ունեցել հակառակը:

Ինչպես միշտ ադրբեջանական կողմը սուտ լուրեր է տարածում: Նախարարի խոսքով, հայկական բանակն այսօր մարտական հերթապահություն է իրականացնում սահմաններում, իսկ ՀՀ զինված ուժերի ծառայողները գտնվում են համապատասխան անվտանգ պայմաններում` կատարելով հայրենիքի սահմանները պաշտպանելու իրենց պարտքը: «Մերթընդմերթ, ինչպես երեկ տեղի ունեցավ, լինում են նաեւ դիվերսիրոն հետախուզական գործողություններ, որոնք ստանում են արժանի հակահարված մեր դիրքապահների կողմից:

Նրանք փախուստի են դիմել` ունենալով համապատասխան կորուստներ: Դրանով Ադրբեջանը նորից իր դեմքն է ցույց տալիս»,- ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ երեկ` լուսաբացին` մոտավորապես ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել էր դիվերսիոն գործողության փորձ:

Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի եւ հակառակորդին պատճառելով կորուստներ` հետ են շպրտել ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վնասվածք է ստացել նաեւ ՀՀ ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:

Դիտվել է 3464 անգամ:
Print Friendly

Leave a Reply