Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2010 13:48

Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին եւ աշակերտներին: Ինչպես տեղեկացնում են  Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական շնորհավորագրում ասված է.«Սիրելիներ, ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգեւոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից:

Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել եւս կարեւորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի եւ հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի եւ զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, եւ Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի եւ օրհնի ձեր կյանքի ուղին:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, եւ ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում»:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply