ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2010 13:33

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ/ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկվել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀպաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply