Սյունիքում ավելացել է առաջին դասարանցիների թիվը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2010 13:23

Սյունիքի մարզում 2010-2011 ուստարում ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, սեպտեմբերի 1-ին մարզի հանրակրթական եւ գիշերօթիկ դպրոցներ նախնական տվյալներով հաճախել է 1682 երեխա, նախորդ ուստարվա 1643-ի փոխարեն: Մարզի առաջին դասարանցիները պայուսակներ եւ գրենական պիտույքներ են նվեր ստացել մի շարք կազմակերպություններից, կուսակցություններից:

Իսկ Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ուստարվա առաջին օրը դպրոցականները հասարակական ավտոբուսով երթեւեկել են անվճար: Նշենք, որ այս ուսումնական տարում չեն գործի Կապանի տարածաշրջանի երկու` Շրվենանց եւ Բարգուշատ գյուղերի դպրոցները, որտեղ երեխաների թիվը ընդամենը մեկ կամ երկու է: Այդ դպրոցները կառավարության որոշմամբ վերաձուլվել են համապատասխանաբար Վերին Խոտանանի եւ Սյունիքի միջնակարգ դպրոցներին:

Օպտիմալացման խնդրի առջեւ են կանգնած նաեւ մարզի Վարդավանք, Տավրոս, Ճակատեն, Ն.Հանդ, Աղվանի, Դիցմայրի, Տանձատափ, Արավուս, Լծեն, Արեւիս եւ Բալաք գյուղերի դպրոցները, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը: 2010-2011 ուստարում Գորիսի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի փոխարեն նախատեսվում է բացել խնամքի կենտրոն: Այս ուստարում ներառական կրթություն կիրականացվի Կապանի, Մեղրիի, Գորիսի եւ Սիսիանի դպրոցներում:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply