Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց

Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2010 12:35

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքներն են սկսում համալսարանները։ Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք` բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև այն փաստը, որ մասնակիցն են ուսուցիչների երդման արարողությանը։ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ` մաղթել է հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր եւ ընտանիքներին բերի երջանկություն։

Այնուհետև վարչապետը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշակերտների և ծնողների հետ։

Այցի ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply