Երևանում ձևավորվել է 31 ավագ դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2010 12:19

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: 2010 թվականի ծրագրով վերանորոգվում են մայրաքաղաքի 24 դպրոցներ: Վերանորոգման աշխատանքների ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել  են տանիքները,  նորոգվել են մարզական և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգմանը հատկացվել է մոտ 618 մլն դրամ:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ծավալուն շինարարական աշխատանքներ են ընթանում նաև մայրաքաղաքի նախադպրոցական կրթական հաստատություններում: Ծրագրում ընդգրկված 102 մանկապարտեզներում տեղադրվում են ջեռուցման համակարգեր, որոնցից 11-ում նախատեսվում է տեղային կաթսայատների կառուցում: Օգոստոսի 31-ի դրությամբ շինարարությունն ավարտված է 32 մանկապարտեզում, ևս 3-ում կավարտվի օրերս:

Ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցման անհատական համակարգերով: Այդ նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության ընթացքի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն:
Քաղաքապետի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների անապահով ընտանիքների 1-4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ և գրենական պիտույքներ: Բացի այդ, որպես պետական սոցիալական աջակցություն, Երևանի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան  հաճախելու կապակցությամբ կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:

Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորի 104704 աշակերտ:  Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան` 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Դպրոցներն ապահովված են համացանցային կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների համացանցում: Քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ`  մայրաքաղաքում արդեն  ձևավորվել  և գործում է 31 ավագ դպրոց:

Դիտվել է 1895 անգամ:
Print Friendly

Leave a Reply