Երաժշտական բաց փառատոն Երևանի սրտում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 10, 2009 14:42

Արամ ՂարաբեկյանՀուլիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում կմեկնարկի «Open Music Fest» փառատոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:
24 օր` ժամը 21:00-ից մինչև 22:30-ը, երևանյան երեկոները կողողվեն բարձրաճաշակ երաժշտությամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգան ոչ միայն հայկական, այլև իտալական, ֆրանսիական, ամերիկյան և ռուսական երաժշտության հայտնի ներկայացուցիչներ:
Փառատոնի անցկացման գաղափարը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանինն է:
«Մենք, ունենալով հարուստ մշակութային ժառանգություն ու ավանդույթներ, չունենք երաժշտական մի փառատոն, որը մեկ հարկի տակ համախմբի հայ և օտարազգի երաժիշտներին, մեկտեղի մշակութային այդ պոտենցյալը և,  ի վերջո, մեր ամառային կյանքը մշակութային ոգով լցնի»,-ասում է մաեստրոն»:
Ղարաբեկյանի խոսքով`ի տարբերություն աշխարհի շատ երկրների մայրաքաղաքների, Երևանն ամռան ամիսներին մշակութային լռություն է ապրում, և քաղաքացիներն ու օտարազգի հյուրերն իրենց երեկոյան հանգիստն անցկացնում են հիմնականում սրճարաններում:
«Օգոստոս ամսին մեր մշակույթը, երաժշտությունը դառնում է սրճարանային,-ասում է մաեստրոն,-մեր գլխավոր խնդիրներից մեկը մայրաքաղաքի մշակութային կյանքն արթնացնելն է և երևանցիներին ու հյուրերին բարձրարվեստ երաժշտական ժամանց մատուցելը»:
Նրա կարծիքով` շատ կարևոր է, որ օտարերկրացի հյուրերը  Հայաստանի մշակութային կոթողները տեսնելուց հետո  շփվեն նաև հայկական բարձրաճաշակ երաժշտության հետ և հայ երաժշտական արվեստի մասին կարծիք չկազմեն միայն սրճարանային երաժշտությունից:
Փառատոնի անցկացման վայրն ընտրվել է պատահական:
«Երևանում գոյություն չուներ բացօթյա համերգային դահլիճ, և դա շատ էր մտահոգում մեզ: Փորձեցինք մի քանի էքսպերիմենտալ բացօթյա համերգներ անցկացնել Կասկադի, Կոմիտասի արձանի տարածքում, սակայն հասկացանք, որ համերգները հարմարավետ ու որակյալ չեն լինի: Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց փառատոնի վայր ընտրել «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը. հիանալի գաղափար էր, սակայն անհրաժեշտ էր վերանորոգել, հարմարեցնել երաժշտական հնչողությանը և այլն: Մի խոսքով` կարճ ժամանակամիջոցում կարողացանք կինոդահլիճը վերափոխել 800 հոգանոց համերգային դահլիճի»:
Փառատոնի ֆինանսական ծախսերը հոգալու պատրաստակամություն են հայտնել Վիվասելը, Կոնվերս բանկը, Հայփոստը և մի շարք այլ կազմակերպություններ:
Մաեստրոն ուրախությամբ նշում է, որ փառատոնին կամավորական հիմունքներով աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև երիտասարդական թիմեր ու անհատներ: «Շուտով սփյուռքահայ մի բարերարի շնորհիվ Գերմանիայից Հայաստան կբերվեն հզոր ձայնային սարքավորումներ, որոնք կապահովեն փառատոնի հնչյունային բարձր մակարդակը,-ասում է նա,- երկու շաբաթով Հայաստան կժամանի նաև գերմանական հեղինակավոր ընկերություններից մեկի հնչյունային ռեժիսորը, ով կիրականացնի սարքավորումների մոնտաժման աշխատանքները»:
Մաեստրոն ասում է, որ փառատոնի նպատակներից մեկն էլ փորձի փոխանակումն է: «Փառատոնը պետք է դառնա յուրօրինակ երաժշտական ֆորում: Օտարերկրյա երաժիշտները, տեխնիկական և այլ ոլորտի մասնագետները, ովքեր կհրավիրվեն փառատոնին, նաև թրեյնինգներ կանցկացնեն` իրենց փորձը, հմտություններն ու նորարարական գիտելիքները փոխանցելով մեր երաժիշտներին ու երաժշտական ոլորտի մասնագետներին»:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply