Ադրբեջանի նախագահի 21-ամյա դուստրը ձեռք է բերել «Bank Silk Way»-ի վերահսկողության փաթեթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2010 1:48

Անցյալ շաբաթ Ադրբեջանի «Bank Silk Way» բանկը 45 տոկոսով՝ 32,19 մլն մանաթով, մեծացրել է հիմնադրական կապիտալը: Այժմ այդ բանկն իր հիմնադրական կապիտալի չափով համարվում է Ադրբեջանի ամենախոշոր 10 բանկերից մեկը: Բանկի կրկնական կապիտալացումը կյանքի է կոչվել 9,99 մլն մանաթ արժողությամբ բաժնեմասերի էմիսիայի շրջանակում: Նոր բաժնեմասերի տեղադրումն սկսվել է հուլիսի 23-ին եւ տեղի ունեցել մի քանի փուլերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնելով այդ մասին, «Ազադլիգ»-ը գրում է, որ ինչպես ենթադրվում է, բաժնեմասերը ներարկվել են բանկի երկու հիմնական բաժնետերեր՝ Ադրբեջանի նախագահի կրտսեր դուստր` 21-ամյա Արզու Ալիեւայի եւ Ադրբեջանի ավիաուղիներ (AZAL) ազգային ընկերության ղեկավարի տիկին Զարիֆա Համզաեւայի կողմից: Այժմ նրանցից յուրաքանչյուրը տիրում է բանկի 35,6 տոկոս՝ 11,5-ական մլն մանաթ կազմող ու վետոյի իրավունք տվող բաժնեմասի փաթեթին: Բանկի երրորդ բաժնետիրոջ՝ «Silk Way Airlines»-ի մասնաբաժինը 41,8 տոկոսից նվազել է 28,8 տոկոսի, ինչը ոչինչ էլ չի փոխում, քանի որ ավիաընկերությունը գտնվում է «Silk Way» հոլդինգի կազմում:

Բանկը հրաժարվել է բաժնեմասերի կապիտալի կազմի փոփոխության մասին մեկնաբանություններից: Բանկի հիմնադրական կապիտալի մեծացումը կատարվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում «Bank Silk Way»-ի (նախկին «Azal Bank» պետական բանկ) անօրինական սեփականաշնորհման մասին հոդվածների հրապարակման ֆոնին: Այդ հրապարակումները մեծ անդրադարձ եւ քննարկումներ էին առաջացրել հասարակության մեջ, սակայն, պաշտոնական կառույցներն ուշադրություն չեն դարձրել դրանց:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply