Սոֆի Դևոյան. սերիալի և իրականության միջև տարածությունը վերանում է
Շաբաթվա լուր | Արփի Մաղաքյան | July 10, 2009 12:03
Կանաչապատ պարտեզի կլոր սեղանին սպիտակ սփռոց է, վրան` սափոր` լի թարմ, ափի մեծությամբ, կարմիր, թավշյա վարդերով: Այստեղ կարելի է սուրճ վայելել ու ժպտալ` մոռանալով «Կյանքի գինը» սերիալի նկարահանման տխուր պահերը. «Սերիալում Սոնայի դերը ստիպում է ինձ անընդհատ տառապել, սա շատ դժվար է ինձ համար, որովհետև ես բնավորությամբ ուրախ մարդ եմ,-պատմում է Սոֆի Դևոյանը Պտղնիի իր երկհարկանի առանձնատան պարտեզում,- երբ տղայիս` Արամին ասեցի, որ ինքն իմ որդին չի, ու չոքեցի ոտքերի առաջ, մի ահավոր բան կատարվեց հետս, սկսեցի լացել ու չէի կարողանում վերջացնել, օպերատորներն ասում էին.«Էլ չենք նկարում, տիկին Դևոյան, վեր կացեք…», միևնույն է, ես չէի հանգստանում, մոտ տաս րոպե լացել եմ»:
Հայտնի պարուհուն հեռուստասերիալում տեսնելը մարդկանց զարմացրեց, իսկ դերասանուհիներին մեղմ ասած զայրացրեց, մինչ այն պահը, երբ «Կյանքի գինն» ու տիկին Սոնա Ռուբինյանն այնքան սիրվեցին հեռուստադիտողի կողմից, որ մոռացվեցին բոլոր պայմանականությունները:
Երթուղային տաքսու վարորդը հեռուստասերիալի դերասանուհի Լուսինե Արշակյանին` Ռուբինյանի տան սպասուհուն` Մարգոյին, հարցրել էր. «Դու Ռուբինյանի տուն ելումուտ ունես, հլը պատմի` ո՞նց են Արտոն ու Սոնան իրար հետ կյանքում, երբ իրանց տանը նկարահանում չկա»: Իսկ Սոնա Ռուբինյանի տղային` Արամի դերակատարին` Աշոտ Տեր-Մաթևոսյանին, ով մի քանի սերիա շարունակ չէր ներում մորը, փողոցում մոտենում էին կանայք ու բարեխոսում. «Տղա ջան, ներիր Սոնային, քո մայրն ա, լավ մայր ա, քեզ էդքան պահել ա, մեծացրել: իտե՞ս` ոնց ա խեղճը տանջվում, ինչքա՞ն ա լացում, տառապում թաքուն»:
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ «Կյանքի գինը» հեռուստասերիալը ներխուժել է հարյուր հազարավոր մարդկանց բնակարան` թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այն ծայրամասերում, ուր հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությունն, ու հերոսների ճակատագիրը շատերին հանգիստ չի տալիս: Մարդիկ դերասաններին ու նրանց հերոսներին նույնացրել են, ու եթե փողոցում տեսնեն, կդիմեն սերիալի հերոսի անունով:
«Ինձ միշտ էլ ճանաչել են փողոցում, բայց հիմա ուղղակի անհնար է դարձել փողոց դուրս գալը: Մարդիկ նույնիսկ մեքենաներն են կանգնեցնում, երբ նկատում են ինձ: Տղամարդիկ մոտենում են, ուզում են հպվել, կանայք փաթաթվում են, համբուրում,- պատմում է Դևոյանը,- ես չեմ հավատում այն ճանաչված մարդուն, ով ասում է` սա շատ տհաճ երևույթ է, բայց որ դժվար է, դա ճիշտ է: Անընդհատ աչք է քեզ հետևում` ասես տեսախցիկ, ինչպես որպես դերասան եմ անընդհատ զգում տեսախցիկը, այնպես էլ, երբ դուրս եմ գալիս փողոց, անընդհատ մարդկանց աչքերն եմ զգում»:
Իսկ Հ1-ի սերիալից հանրաճանաչ է դարձել ու փողոցում անցորդների ուշադրությունն է գրավում մյուս Սոֆին` Սոֆչկան (այդպես են նրան տանն ասում)` Դևոյանի թոռնիկը, որ խաղում է «Որբերը» հեռուստասերիալում՝ Եվայի դերում: Փոքրիկ աստղի հետ նկարվում են ու նվերներ տալիս: Ավագ Սոֆի Դևոյանն իր անվան հետ թոռնիկին ժառանգել է ռիթմի զգացողություն, մարմնի պլաստիկա, նազանք ու դերասանական տաղանդ:
Ձմեռը Փարիզում անցկացնելուց հետո Սոֆի Դևոյանը վերադառնալով անակնկալի է եկել` էկրանին տեսնելով, որ թոռնիկը դերասանուհի է դարձել. «Մեկ էլ լսեմ` հեռուստատեսությամբ ասում են Սոֆի Դևոյան, ու Սոֆչկայիս դեմքն է էկրանին: Ինձնից թաքուն էին պահել, շատ էի զարմացել: Դու մի ասա` եկել են իմ թատրոն` երեխա ընտրելու սերիալի նկարահանումների համար, մի քանի երեխաների հետ Սոֆչկայիս էլ են ընտրել»: Սոֆչկան հպարտանում է, որ կրում է տատի ազգանունը. «Պապաս ասում ա` ոչ, դու Պողոսյան ես, բայց ես ուզում եմ Դևոյան լինել, որ 16 տարեկան դառնամ ու անձնագիր ունենամ, Դևոյան եմ գրվելու, սերիալի սկզբում էլ տատայիս ազգանունով եմ գրվում»: Սոֆչկան պատմում է, որ նկարահանումները շատ հաճախ են լինում ու հաճախ էլ խանգարում են դպրոցի դասերին. «Մի ժամանակ կար, որ գնում էի դպրոց, երկու ժամ նստում էի դասի ու գնում նկարահանման: Նկարահանումներին շատ եմ հոգնում, բայց մեկ ա սիրում եմ»: Նա հպարտությամբ պատմում է, որ իր աշխատած գումարով իր համար կոշիկներ ու սիրուն շոր է գնել:
Մինչ Սոֆչկան խաղում էր եղբոր` եորգիի ու չարաճճի պուդել Բիբիի հետ, Սոֆի Դևոյանը մեզ պատմեց, որ երեխան սկզբում, երբ նայում էր «Որբերը», մոռանում էր, որ դա մի ֆիլմ է, ուր ինքը նկարահանվել է, ու տխրում էր, հերոսների համար լացում ու տանջվում. «Երկար բացատրեցի, որ դու դերասանուհի ես, իսկ դա` ընդամենը ֆիլմ, իհարկե կյանքում, ցավոք, կան երեխաներ, որ նման իրավիճակի մեջ են հայտնվում, բայց լացելը գործին չի օգնի: Նա խելացի աղջիկ է, հասկացավ, ու հիմա, երբ նայում է, ավելի շատ իր ու ընկերների խաղին է հետևում: Իսկ իր մայրիկի հետ հաճախ գնում է մանկատուն, շորեր ու նվերներ տանում: թությունը լավ զգացողություն է, ու ծնողները պետք է օգնեն երեխաներին սովորել բարի լինել»:
Չնայած խիստ գրաֆիկին, միևնույն է, նկարահանվելը Սոֆի Դևոյանին շատ է դուր գալիս և հաճույքով կհամաձայնվեր նոր հեռուստասերիալում խաղալ:
Դերասանի աշխատանքը խլում է նրա գրեթե ողջ ժամանակը, ու թույլ չի տալիս զբաղվել իր հիմնական գործով` պարուսուցմամբ ու բեմադրությամբ: Նկարահանումները երբեմն 14-15 ժամ են տևում:
Առջևում Սոֆի Դևոյանի 60-ամյակի պատրաստություններն են, այն հավանաբար կնշվի սեպտեմբեր ամսին: Իսկ Բեյրությում` «Ֆրանկոֆոնիա» փառատոնին, Դևոյանի «Պարի և Հոգու թատրոնը» ներկայանալու է «Վան ոգ և Փարաջանով երկխոսություն» ներկայացմամբ: «Դեռ չեմ բեմադրել, բայց մտքումս արդեն գծած ունեմ: Համոզված եմ` շատ լավն է լինելու, քսան րոպե պետք է լինի տևողությունը: Սա փառատոնի օրենքն է, նաև ազգային ու մոդեռն էլեմենտներ պետք է ներառի: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զբաղված եմ, գլխումս խառնաշփոթ է, բայց ոչինչ, կյանքում ամեն դժվարություն հաղթահարելի է»:
Սոֆի Դևոյանը կյանքում շատ երիտասարդ է, էկրանը նրան փոխում է: Ծիծաղելով ասում է, որ իր շրջապատում բոլորն են դա ասում. «Կամերան ինձ 10 կիլո չաղացնում է,10 տարով ծերացնում»: ուցե Սոնայի դերը ավելի՞ շատ տարիք է պահանջում:
«Իմ շուրջբոլորը մեծ սեր է, ես էլ լողում եմ այդ սիրո մեջ: Ես ժպտացող անհատ եմ, ներսում, ինքս իմ մեջ անընդհատ ժպտում եմ»,-այսպես է պատասխանում Սոֆի Դևոյանն այն հարցին, թե ինչում է իր գեղեցկության ու անվերջանալի երիտասարդության գաղտիքը:
Դևոյանի երիտասարդության գաղտնիքներից մեկն էլ նրա մոր` տիկին Լուբերայի հոգատարության ու քնքշանքի մեջ է թաքնված: Նա բնակվում է աղջկա հետ ու բազմազբաղ ընտանիքի հոգսերը կիսում: Նա երկու Սոֆչկաների մեջ շատ նմանություններ է տեսնում` շարժուձևը, բնավորությունը, իսկ ամենակարևորը` փոքրիկ Սոֆին մենակ մնալով պարեր է բեմադրում, ճիշտ այնպես ինչպես իր աղջիկը մանուկ ժամանակ:
Սոֆի Դևոյանը գրկում է մորն ու հիանում նրանով.«Մայրս ամենատաղանդաշատն է` Սովետական միության մարմնամարզության չեմպիոն է, նաև պարուհի, Օպերայում է պարել, նաև ատամնաբույժ, նաև դերձակ: Իմ թատրոնի առաջին շորերը մայրս է կարել»:
Իսկ «Կյանքի գինն» աննկատ մտել է նրանց ընտանիք, ու Լուբերան էլ ուզում է իր «մյուս» աղջկան` Սոնային էլ օգնել.
«Մի օր աղջիկս եկավ սերիալի նկարահանումից, հարցրեցի` հը՞, ի՞նչ եղավ, թե. «Արտոն սկանդալ սարքեց, ինձ տանից վռնդեց, ճամպրուկս հավաքեցի ու դուրս եկա»,- պատմում է տիկին Լուբերան,- բա ո՞ւր ես մնալու, Սոֆա ջան, հարցրեցի, ասեց` հյուրանոցում: «Վա~յ, մի մտածի, կգամ հետդ կմնամ, մենակ չեմ թողնի»,- ասեցի, նոր հիշեցինք, որ սերիալի մասին ենք խոսում, ու սկսեցինք ծիծաղել»:
Սոֆի Դևոյանի առանձնատունը միշտ մարդաշատ է:
Բարեկամներն ու ծանոթները հազար ու մի դեպք կարող են հիշել ու պատմել նրա ներողամտության և բարության մասին: «Ես իմ հանդեպ վատ քայլ արած մարդկանց երբեք նույն ձևով չեմ պատասխանել, միշտ մտովի արդարացրել եմ դիմացինիս ու ներել: Իմ մեջ բացասական էմոցիաներ չկան: Ինչ էլ պատահի, նույնիսկ ամենադժվար դրության ժամանակ, երբ կարող է վեճ ու սկանդալ լինել, ես գնում եմ պատուհանի մոտ, նայում հեռուն, մտքումս դանդաղ հաշվում մինչև տասը ու լիցքաթափված շրջվում` պատրաստ ժպիտով հարթելու իրավիճակը»: Մտերիմ մարդիկ ասում են, որ նրանից անկրկնելի հոգեբան դուրս կգար, պատմում են, որ ամենադժվար ու ծանր հոգեվիճակում Սոֆիի հետ մի քանի բառ փոխանակելը հոգեկան անդորր ու խաղաղություն է պարգևում. «Այնքան շատ են կյանքում սթրեսային իրավիճակները, դժվար չէ բարի խոսք ասել դիմացինին, սփոփել, համենայնդեպս, ես միշտ այդպես եմ վարվում ու գտնում եմ, որ դա իմ առաքելությունն է»:






Facebook
Tweet This
Email This Post
