Կշարունակվե՞ն ճնշումները Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիների նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 1, 2010 9:16

«SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամներ Պայծառ Աղաբաբյան և Վարդան Գալստյան

Արգիճիի վտակ Գայլաձորի հունը փոխելու և այն դեպի Վայոց ձորի մարզ ուղղելու դեմ պայքարող հինգ գյուղերում, բնակիչների խոսքով, վախի մթնոլորտ է տիրում. ոստիկանությունը գյուղապետարանների միջոցով գյուղերի մի շարք բնակիչների հարցաքննության է կանչում` փորձելով պարզել, թե ովքեր են  հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչները:

Հուլիսի 19-ին Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Մադինա, Գեղհովիտ գյուղերի մի քանի հարյուր բնակիչ  չորս ժամ փակել էր Երևան-Մարտունի մայրուղու` Արգիճի գետին հարակից ճանապարհը` այդպիսով բողոք արտահայտելով Գայլաձորի հունի փոփոխության դեմ, ինչպես նաև խնդրի վրա հրավիրելով իշխանությունների ուշադրությունը:

Մայիսի վերջերից սկսած` բնապահպանները և Մարտունու տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներն անընդհատ ահազանգ էին  հնչեցնում, որ ապօրինի աշխատանքներ են իրականացվում Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխման ուղղությամբ. գետի հունը թեքում են դեպի  Վայոց ձորի մարզ`  Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա հէկ կառուցելու համար:

Գայլաձորն ապահովում է Արգիճիի հոսքի 30-40%ը: Արգիճիի  ջրով 30 հազար բնակիչ ունեցող 5 համայնքները ոռոգում են շուրջ 6500 հա հող:  Արգիճիի վերին հոսանքներում են  ձվադրում նաև Կարմիր գրքում գրանցված մի շարք  ձկնատեսակներ:

«SOS Արգիճի»  նախաձեռնող խմբի անդամ Պայծառ Աղաբաբյանը պատմում է, որ բողոքի ակցիայից 2 օր հետո` հուլիսի 21-ին, ոստիկանության  քննիչ Հուսիկ Բաղդասարյանն իրենց տուն է եկել և հարցաքննել իրեն` պահանջելով ներկայացնել  բողոքի ակցիայի մանրամասները: «Որդիներս, հարսներս, թոռներս, ամբողջ գյուղն էլ տեսավ, թե ինչու է ոստիկանական մեքենան մեր տուն եկել: Խնդիրներից խուսափելու համար պատասխանեցի քննիչի հարցերին: Բայց երկրորդ անգամ հրաժարվեցի հարցաքննության ներկայանալ, քանի որ անօրինական` առանց ծանուցագրի են կանչում»,- ասում է Աղաբաբյանը:

Նախաձեռնող խմբի անդամները պատմում են, որ ոստիկանությունում այն մարդկանց են հարցաքննության հրավիրում, ում կարող են վախեցնել և ստիպել խոսել. «Հարցաքննության են կանչում կրկնակի դատվածություն կամ առողջական խնդիրներ ունեցողներին, որոնց վրա ճնշումներ գործադրելն ավելի հեշտ կլինի: Ուզում են մեկին քավության  նոխազ դարձնել, որ մյուսներն էլ վախենան, ու ապօրինի կառույցի շինարարությունն առանց խոչընդոտների շարունակվի»:

Բնակիչների` գետի հունի փոփոխման և անօրինական աշխատանքների մասին ահազանգերից հետո, բնապահպանության նախարարի հրամանով հուլիսի վերջին  ստեղծվեց աշխատանքային խումբ, որն  ուսումասիրությունից հետո եզրակացրեց` Գայլաձորի վրա ծավալված շինարարությունն անօրինական է:

Աշխատանքային խմբի եզրակացությունում նշվում է. «Արգիճի գետի Գայլաձոր վտակում ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա առաջացել է կողակ ձկնատեսակի տեղային պոպուլյացիա, որը ապրում, զարգանում, վերարտադրվում է գետում և չի խառնվում Սևանա լճի պոպուլյացիաների հետ: Ուստի, գետերի կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով Արգիճի գետի և նրա Գայլաձոր վտակի տարեկան միջին ջրատվության 20-25%-ն անհրաժեշտ է պահպանել որպես էկոթողք, իսկ մնացածը, ըստ ջրօգտագործման առաջնահերթությունների, տալ ջրօգտագործողներին»:

Մինչ աշխատանքային խմբի եզրակացությունը շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` գետի վրա պետք է կառուցվեր փոքր հէկ:

Չնայած պաշտոնապես գետի վրա ստեղծված կառույցն անօրինական է, դրա ապամոնտաժման մասին  որոշում դեռևս չկա: Պատասխանատվության չի ենթարկվել նաև անօրինական շինարարություն իրականացնող «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունը:

Չնայած Աղաբաբյանը նշում է, որ իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիներն ավելի համախմբված են դարձել և միասնաբար են դիմադրում ոստիկանության ճնշումներին, նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Վարդան Գալստյանը, փաստում է, որ իրենց շարքերն արդեն իսկ նոսրացել են: «Ակցիայի կազմակերպիչներին գտնելու պատրվակով ուզում են «SOS Արգիճի» նախաձեռնող խմբին խեղճացնել»,- ասում է նա:

Ոստիկանության քայլերն իրենց իրավունքները պաշտպանող բնակիչների նկատմամբ առաջացրել է նաև մի շարք ՀԿ-ների արձագանքը: Մարտունիում բնակիչների հետ հանդիպումից հետո, 45 կազմակերպություն միավորող Էկոլոգիական հասարակական դաշինքը հայտարարություն տարածեց, որում դատապարտում է իրավապահ մարմինների քայլերը: «Դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ապօրինի գործունեության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն ճնշում են գործադրում և քրեական հետապնդում նախաձեռնում իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից վերացնել անօրինական կառույցները, պատժել պատասխանատուներին և ապահովել գյուղացիների սահմանադրական իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Դաշինքի հայտարարությանը միացել են  նաև 14 տարածքային Օրհուս կենտրոն, Հայաստանի տարբեր մարզերի հասարակական կազմակերպություններ, երիտասարդական կանաչ շարժման հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպան կազմակերպություններ, անհատ մարդիկ:

Չնայած բնակիչների պնդումներին, որ իրենց առանց ծանուցագրերի հարցաքննության են կանչում, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշվում է, թե նյութերի նախապատրաստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նույնը պնդում է նաև Մարտունու ոստիկանության  քննչական բաժնի պետ Խաչիկ Ավոյանը: Նրա խոսքով` նյութերի նախապատրաստման ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից պարզապես բացատրագիր են վերցրել տեղի ունեցածի մասին: «Փորձել ենք ճշտել, թե ով է այդ մարդկանց դրդել նման արարքի, չէ՞ որ բողոքի արտահայտման այլ միջոցներ կան,- ասում է Ավոյանը:- Տեղի ունեցածում որևէ հանցավոր արարք չի բացահայտվել, և քրեական գործի հարուցումը մերժվել է»:

Իսկ ստեղծված իրավիճակը, ըստ Ավոյանի, համայնքների` ոստիկանությունում բացատրագիր տված ղեկավարների  խուճապի հետևանք է:

Թեմայի մասին տես նաև `

Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիներին ճնշում են

Գայլաձորի հունի փոփոխությամբ Սևանի մակարդակը տարեկան 12 սմ-ով պակաս կբարձրանա

Գայլաձորի ապագան անհայտ է. իշխանությո՞ւնն է ստում, թե՞ հասարակությունը

Դիտվել է 2255 անգամ:
Print Friendly

Leave a Reply