Դպրոցականի առողջությունը. մրցավազք առաջին դասարանից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 2, 2010 17:10

Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հաջողակ լինեն` սկսած  դպրոցական  կյանքի առաջին օրերից: Ջանում ենք ամեն միջոց ու հնարավորություն  օգտագործել  նրանց բազմակողմանի զարգացման համար. լեզվի դասընթացներ, մաթեմատիկայի անհատական պարապմունքներ ու զանազան խմբակներ: Սակայն մասնագետները կարծում են, որ բազմակողմանի զարգացած երեխա ունենալու հույսերը  նման պայմաններում պարզապես   անպտուղ կլինեն:

Մեր երեխաների առջև բազում ուղիներ են ձգվում, որոնք իրոք կարող են ճիշտ հսկողության դեպքում տանել հաջողության: Ցանկալի է ու շատ կարևոր այդ ճանապարհով ժպտադեմ  առաջ ընթանալ:

Մրցավազք առաջին դասարանից

Այն սկսվում է առաջին դասարանի առաջին իսկ օրից, եթե չասենք՝ մանկապարտեզից:

Ծնողը ցանկանում է, որ երեխան լավ սովորի, ընդունվի առաջնակարգ բուհ, ընտրի ամենալավ մասնագիտությունը և անպատճառ ապագա մասնագիտության մեջ բարձունքների հասնի, քանզի գերազանց  է գիտակցում  դրա արժեքը:  Իսկ դրա համար անձնական լավ տվյալները քիչ են. անհրաժեշտ են լավ գիտելիքներ և ունակություններ: Աշխատում ենք երեխային  առավելագույն հնարավորություններ ընձեռել. ապահովում ենք  լավագույն կրթություն, լավագույն դաստիարակներ ու դասատուներ, լավագույն դասընթացներ ու լրացուցիչ գիտելիքներ …

Մեր ջանքերին ի պատասխան` վիճակագրությունն անողոք փաստեր է մատուցում. վերջին տասնամյակի ընթացքում երեխաների ինքնազգացողությունը վատացել է, այսօր տարրական դասարանների աշակերտների միայն 5%-ը կարող է համարվել լիարժեք առողջ: Իսկ բարձր դասարաններում արդեն այդ թիվը նվազում է` հասնելով 3 %-ի: Միաժամանակ  քրոնիկական հիվանդությունների վիճակագրական պատկերը ահազանգում է.   երեխաների մոտ մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների  հակում է նկատվում, իսկ հոգնածությունը,  նյարդային, կեցվածքի ու  ողնաշարի խանգարումները , հարթաթաթությունն ու կարճատեսությունն այնքան հաճախ են հանդիպում, որ ասես սովորական երևույթներ լինեն:

Նույնիսկ հանրակրթական ծրագրերը մատչելի  չեն ամեն երեխայի: Ըստ որոշ մասնագետների` երեխաների գերբեռնվածությունը օտար լեզուների ուսուցման  պատճառով երեք անգամ գերազանցում է երեխաների հնարավորությունները,  իսկ մաթեմատիկայի  դեպքում` 20 անգամ:  Էլ չասենք հատուկ դպրոցների  մասին, որոնց ծրագրերը կարծես կազմվում են   կայացած հանճարների  համար:

Ուսուցիչների հանձնարարությունների չափն ու մտավոր ծանրաբեռնվածությունը հանգեցնում են երեխայի մշտական լարվածության: Նա վախենում է, որ ինչ-որ բան չի ստացվի, չի հասցնի, չի հիշի կամ էլ պարզապես չի հասկանա: Այս բոլոր գործոնները, իհարկե, կոտրում են վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Մեր երեխաները, ըստ էության, մեր երազների կրողն ու պոտենցիալ իրագործողներն են: Մեծ երաժիշտ, մարզիկ, արտիստ.. Մրցույթներում առաջին տեղեր, հիացական ծափողջույններ, հայտնագործություններ … Այս ամենը հրաշալի են: Մինչդեռ հաճախ չգիտենք, թե իրենք` մեր երեխաներն ինչ են ուզում, դրա փոխարեն ինքներս, մեր իսկ նախաձեռնությամբ, նրանց բազմակողմանի կրթություն ենք ապահովում:

Հիվանդանալու ժամանակ չկա

Կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ միայն ակտիվ ու հագեցած կյանքը կարող է նպաստել երեխայի ներդաշնակ զարգացմանը. երեխան կսովորի ժամանակն արդյունավետ օգտագործել: Իրականում լրացուցիչ ծանրաբեռնվածությունը թույլ չի տա նրան թուլանալ ու հանգստանալ: Ծնողներն ու ուսուցիչները կարծում են, որ երիտասարդ օրգանիզմը հեշտությամբ է համակերպվում ցանկացած փոփոխության հետ: Իրականում առաջին հերթին տուժում է իմունիտետը: Գերլարվածությունը, անլիարժեք քունը հանգեցնում են նրան, որ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ պայքարել հիվանդությունների դեմ: Հավելենք, որ դա կարող է նաև քրոնիկական ալերգիաների ու բորբոքային հիվանդությունների պատճառ դառնալ: Այս ամենը իմունիտետի թուլացման հետևանք են:

Ավելի  հաճախ շփվեք ձեր դպրոցականի հետ: Հետաքրքրվեք նրա հաջողություններով ու անհաջողությունների պատճառն իմացեք: Հասկացրեք նաև, որ գնահատականով չի պայմանավորված ձեր սերը: Քնելուց առաջ շարունակեք ձեր երեխայի համար ընթերցել որևիցե հաճելի բան: Նրա հետ փորձեք նկարել ձեր երազներն ու գունավորել դրանք: Ապա պատրաստի նկարը կախեք տեսանելի տեղում, որպեսզի ձեր երազը մոռացության չմատնվի:

Չ՞է  որ, հայտնի բան է` նույնիսկ ամենաանիրական թվացող երազներն անգամ կարող են շունչ առնել, եթե դրանց իրոք հավատում եք:

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply