Սեպտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2010 16:55
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մեկ աստիճանով, իսկ տեղումները` նորմայի սահմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբան Զարուհի Պետրոսյանը, ամբողջ աշնան համար եղանակային նկարագրի կանխատեսում դեռեւս կատարված չէ:
«Սեպտեմբերը Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում աշնանային ամիս չէ: Արարատյան դաշտում անցումը աշնանային ռեժիմի կատարվում է միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակից հետո»,- ասաց Զ. Պետրոսյանը` նշելով, որ բարձր լեռնային շրջաններում արդեն աստիճանաբար կատարվում է անցում աշնանային ռեժիմի: Ըստ օդերեւութաբանի` ինտերնետային կայքերում տեղադրված եղանակի կանխատեսումները էապես տարբերվում են ակնկալվող ջերմաստիճաններից: «Այս տարի հասարակությանը լավագույնս ներկայացվեցին «Հայպետհիդրոմետի» կողմից տրվող, իրականությանը համապատասխանող ջերմաստիճանները»,- ասաց Զ. Պետրոսյանը` ընդգծելով, որ հասարակությունը համոզվեց, որ տրվում է ճշմարիտ կանխատեսում, որը, սակայն, կարող է 1-2 աստիճանով տարբերվել իրական թվերից: Զ. Պետրոսյանի խոսքով` այս տարի բավականին ակտիվ էր ամառը եւ այժմ էլ խորհուրդ չի տրվում ժամը 12.00-15.00 գտնվել արեւի ճառագայթների տակ:
«Դա, իհարկե, կախված է ուլտրամանուշակագույն ճառագայթման արժեքից. շատ բարձր արժեքների դեպքում կարելի է միայն 15 րոպե մնալ արեւի ճառագայթների ներքո, իսկ երբ ցածր է, թույլատրելի է մինչեւ 1-1,5 ժամը»,- ասաց օդերեւութաբանը` շեշտելով, որ այնուամենայնիվ այս շրջանում պետք է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:






Facebook
Tweet This
Email This Post
