ԵՊՀ-ն ամբողջությամբ անցել է կրեդիտային համակարգով ուսուցման

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2010 15:59

Երեւանի պետական համալսարանում նոր ուսումնական տարվա ընթացքում փոփոխություններ շատ չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով` համալսարանը իր գործունեությունը կծավալի` համաձայն «ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագրի», որը ԵՊՀ խորհուրդն ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերին:

«Դա մեր առաջիկա հինգ տարիների գործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող ծրագիր է, որը յուրահատուկ ժամանակացույց է եւ վերահսկման մեխանիզմներ է նախատեսում ծրագրի յուրաքանչյուր կետի կատարման հետ կապված»,- ասաց Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով` ԵՊՀ-ն արդեն ամբողջությամբ անցել է կրեդիտային համակարգով ուսուցման: «Այն փորձաշրջանը, որը բուհերին տրված էր կրեդիտային համակարգով ուսուցում կազմակերպելու համար, արդեն անցել է սովորական գործունեության շրջանի, եւ մենք արդեն չունենք որեւէ մասնագիտություն կամ մասնագիտացում, որտեղ կրեդիտային համակարգով ուսուցում կազմակերպված չլինի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանը կարեւորեց այն հանգամանքը, որ նոր ուսումնական տարին համալսարանականները կդիմավորեն նաեւ բավականին կատարելագործված գնահատման համակարգով, որը թույլ կտա ուսանողների գիտելիքները, կարողությունները եւ հմտություններն ավելի օբյեկտիվ գնահատել ուսումնառության ողջ ընթացքում: Համալսարանը սեպտեմբերի 1-ը կդիմավորի նաեւ արձանագրած մի շարք հաջողություննեով` ուսանողական կյանքի աշխուժացման տեսանկյունից:

«Վերջին տարիներին համալսարանում բավական լուրջ հիմքերի վրա է դրվել ուսանողների մշակութային դաստիարակության խնդիրը: Այսօր կարելի է վստահաբար ասել, որ համալսարանի մշակույթի կենտրոնը, որը ստեղծվել է հինգ տարի առաջ, իր առջեւ դրված խնդիրները բավական լավ է կատարում»,- ասաց նա` ավելացնելով, որ արդեն համալսարանն ունի ոչ միայն իր ուսանողական թատրոնը, այեւ` պարախումբ: «Մեծ գործ են կատարում նաեւ ուսանողական ակումբները, որոնցից կարելի է առանձնացնել «Վարդանանք»-ը, որը ռազմահայրենասիրական դաստիարակության գործունեությամբ է զբաղվում, եւ ուսանողների ու զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ կապի ամրապնդման գործում շոշափելի քայլեր ձեռնարկում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Դիտվել է 2206 անգամ:
Print Friendly

Leave a Reply