Նախագահը պարգևատրել է մեդալակիր շրջանավարտներին

Պաշտոնական, Օրվա լուր | | August 31, 2010 15:37

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի «Կենգուրու»  մրցույթի հաղթողներին:

Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած  աշակերտներին եւ արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ եւ կյանքում: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սարգսյանը,մասնավորապես, նշել է.

«Հաճույքով ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար Նախագահի նստավայր ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից: Հրավիրում ենք շնորհակալություն ասելու, հրավիրում ենք մեծարելու: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետեւ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաեւ հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, եւ առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն եւ լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն եւ հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ:

Ես շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեդալակիրներին: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է կյանքում, եւ ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը: Վստահ եմ, որ դուք, ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը: Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, եւ կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի` ոչ միայն հարգանքի, ոչ միայն սիրո, այլ նաեւ ավելի մեծ պահանջներ ներկայացնելու, որովհետեւ ձեր նկատմամբ պետք է այդպիսի պահանջներ ներկայացվեն: Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, եւ դուք դրանից  չպետք է նեղսրտեք,  այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն: Կարծում եմ` այս պարագայում հաջողությունն անկասկած ձեր կողմնակիցն է լինելու:

Ես շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել: Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միեւնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետեւ մենք ե’ւ բնակչության քանակով, ե’ւ այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եւ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաեւ լավ արդյունքներ:

Մենք միշտ մեծարման խոսքեր ենք ասում, եւ դա ճիշտ է, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր մեր ժողովրդին դարձնում են ավելի ճանաչելի` մեկն իր երաժշտական տաղանդով, մյուսը` համաշխարհային գիտության մեջ մեծ ձեռքբերումներով, իսկ համաշխարհային, միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողները` նաեւ այս բնագավառում: Ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը պատվով կարող է շարունակել իր նախորդների, ինչու չէ` նաեւ նախնիների մեծ գործը:

Ես ուզում եմ առանձնապես ընդգծել մեր այն փոքրիկներին, ովքեր “Կենգուրու” օլիմպիադայում են հաջողության հասել: Շատ ապրեք, բալիկնե’ր ջան, ապրեք, որ այդքան լավ երեխաներ եք, ապրեն ձեր ծնողները, փառք ձեր ուսուցիչներին: Ձեր այս առաջին հաջողությունը, կարծում եմ, ձեզ պետք է ոգեւորի: Մաղթում եմ, որ մի քանի տարի հետո դուք լինեք առարկայական օլիմպիադաների հաղթողներ, լինեք մեդալակիրներ, լինեք այնպիսի մարդիկ, ովքեր պետք է ճանապարհ հարթեն ուրիշների համար, այնպիսի մարդիկ, ովքեր շատ մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Նորից եմ կրկնում, առանց ձեզ, առանց ձեր նմանների մեր երկիրն ապագա չունի:  Ես չեմ ասում, որ Հայաստանում միայն այս մի խումբ երեխաներն են, տղաներն ու աղջիկները, որ պետք է պատասխանատու լինեն մեր հայրենիքի հետագայի համար: Ո’չ, կան շատ շատերը, բայց դուք շատ շատերի մեջ առանձնացել եք գիտելիքով, իսկ սա ինչ-որ բան նշանակում է:

Ուզում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորել ձեզ, ձեր ուսուցիչներին,  ծնողներին, մեր հանրությանը:  Գիտելիքն ուժ է` շատ մեծ ուժ, իսկ մենք, մեր երկիրը կարիք ունի այդպիսի ուժի: Ուզում եմ, որ բոլորիդ համար շատ հստակ եւ պարզ լինի` մեր վաղվա օրը չափվելու է ձեր եւ ձեր նմանների մասնակցության աստիճանով, մեր վաղվա օրը կախված է նրանից, թե դուք ինչքանով կարող եք ձեր այսօրվա եւ հետագայում ստանալիք գիտելիքները արդյունավետ օգտագործել կյանքում: Դուք մտնում եք կյանքի մի փուլ, որտեղ արդեն իսկ ինքնուրույն ընտրություն եք կատարելու, որոշումներ եք կայացնելու: Դուք ընտրելու եք մասնագիտություն, ընտրելու եք բնակավայր, ընկերներ, իսկ այն, ինչը չեք ընտրելու` մեր հայրենիքն է, մեր արմատներն են: Ձեզ միշտ հայ են ասելու: Դուք պետք է դրանով հպարտանաք եւ արժանի լինեք այդ անվանը: Պետք է յուրաքանչյուրդ հստակորեն պատասխանի այն հարցին, թե ի՞նչ ասել է հայ, մենք որտեղի՞ց ենք գալիս, հիմա որտե՞ղ ենք եւ ո՞ւր ենք գնում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ավելի հեշտ գտնում են մարդիկ, ովքեր իրենց արմատներից, մեր հայրենիքից մշտապես ստանում են ազդակներ, իսկ ազդակ ստանալու համար մարդը պետք է տրամադրված լինի, պատրաստ լինի: Ուր էլ լինեք` միշտ հիշեք, սա’ է ձեր երկիրը, սա’ է ձեր հայրենիքը, եւ ձեր հայրենիքը մշտապես ձեզ հետ է: Հիշեք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի կատարելու այդ հայրենիքի նկատմամբ: Սա չափազանց կարեւոր հանգամանք է: Ուզում եմ, որ դուք ապագայում եւս գիտակցված ընտրություն կատարեք,  որ ձեր ընտրությունը միշտ ձեր սրտով լինի: Շատ պարագաներում, երբ ճիշտ ընտրություն չի կատարվում, լինում են դեպքեր, երբ  այդ ընտրությունը խնդիրներ է հարուցում, երբ ընտրությունդ մերձավորներիդ սրտով չէ: Մի բանում, սակայն, համոզված եղեք, որ եթե դուք այդ ընտրությունը կատարել եք` գիտակցելով դրա ողջ լրջությունը, ապա այդ ընտրության համար պետք է նաեւ պայքարել: Ես վստահ եմ, որ  դուք ունեք այդպիսի կամային հատկանիշներ, որովհետեւ առանց այդպիսի հատկանիշների հնարավոր չէ դառնալ մեդալակիր, հաղթել միջազգային օլիմպիադաներում եւ, անշուշտ, նաեւ «Կենգուրու» մրցույթում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին եւ բուհ ընդունված երիտասարդներին   մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց եւ անկաշկանդ զրույցի է հրավիրել`պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաեւ նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին եւ «Կենգուրու»  մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգեւները, նաեւ` հուշանվերներ:

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply