Հանրապետությունում սեպտեմբերի 1-10-ը հայտարարվել է ճանապարհային երթեւեկության ապահովման տասնօրյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2010 15:23

Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 1-10-ը ողջ հանրապետությունում ավանդաբար կազմակերպելու է ճանապարհային երթեւեկության ապահովման տասնօրյակ` «Զգուշացեք երեխաներ են» խորագրով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվելու են դպրոցամերձ փողոցներում` ապահովելու ինչպես երեխաների անվտանգությունը, այնպես էլ խստորեն հսկելու տրանսպորտի երթեւեկը:

Ն. Սարգսյանը շնորհավորեց նաեւ բոլոր դպրոցականներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով եւ ընթերցեց ճանապարհային ոստիկանության ուղերձը, որում հիշեցվում էր, որ պետք է գիտակցել, որ սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է քայլել միայն մայթերով եւ փողոցը կտրել-անցնել հետիոտնի համար նախատեսված տեղերով` հետեւելով լուսացույցի ազդանշաններին:

Մանկավարժներին խնդրվում է գիտակցել հարցի կարեւորությունը եւ առաջին իսկ օրվանից երեխաների մեջ սերմանել երթեւեկության տարրական կանոնները: «Խնդրում եւ պահանջում ենք բոլոր վարորդներից այս օրերին լինել առավել զգոն, խուսափել ավելորդ շտապողոկանությունից եւ հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել պատասխանատվություն`նկատի ունենալով, որ կարող է հանկարծ երեխա հայտնվել երթեւեկության բանուկ մասում: Նման իրավիճակներում անհրաժեշտ է կանգնել ու զիջել»,- ասված է ուղերձում: Երթեւեկությանը խոչընդոտներ չստեղծելու նպատակով պահանջվում է երեխաներին դպրոց հասցնելուց անմիջապես հետո ազատել երթեւեկելի մասը: «Ցանկացած կարգազանց վարորդի նկատմամբ կձեռնարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության ամենախիստ միջոցները»,- նշեց Ն.Սարգսյանը:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply