Ագրեսիան անհանդուրժողականության աճի աղբյուրն է
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Ամալյա Գաբրիելյան | July 10, 2009 11:37
Մի շարք հայկական միջնակարգ դպրոցներում անցկացրած հետազոտությունները հիմք են դարձել եզրակացնելու, որ 13-15 տարեկան հայ երեխաների 90%-ի մոտ ագրեսիվ վարքի դրսևորումներ կան:
Այս դիտարկումն է արել հոգեբան Դավիթ Գալստյանը, ով կարծում է, թե ագրեսիայի հիմնական պատճառն ընտանեկան սխալ դաստիարակությունն է.«Բազմաթիվ հայ երեխաներ 17-18 տարեկանում արդեն կյանքից հիասթափված են լինում…»,-ասում է նա:
Ագրեսիան ուժեղ է լինում հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, երբ երեխաները չեն ունենում իրենց դժգոհությունն արտահայտելու այլ ճանապարհ, իսկ 7-8 տարեկանում սովորաբար սկսում է նվազել:
Ագրեսիվ (լատիներեն aggressio (հարձակում) բառից) է համարվում վարքը, որն ուղղված է ուրիշին կամ ինքն իրեն վնաս պատճառելուն: «Հոգեբանորեն լիարժեք ագրեսիվ գործողություններ մարդիկ կատարում են այն դեպքում, երբ թշնամանք են զգում օբյեկտի նկատմամբ,-պատմում է հոգեբան Դավիթ Գալստյանը,-և, իրոք, ցանկանում են վերացնել այն, վնաս պատճառել նրան, երբ օբյեկտը նրանց մեջ զայրույթ, արհամարհանք և զզվանք է առաջացնում»:
Ագրեսիան վաղ երիտասարդ տարիքում կարող է վերածվել հակահասարակական արարքների, դրսևորվել հանցավոր վարքով, ֆիզիկական ագրեսիայով, ընտանիքի այլ անդամների հանդեպ դաժան վերաբերմունքով և այլն:
Գալստյանը կարծում է, որ ագրեսիայի կուտակումը և ագրեսիվ մարդկանց աճը Հայաստանի լուրջ պրոբլեմներից է.
«Նման մարդիկ ստեղծում են հակահասարակական մթնոլորտ: Նրանց համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպես հայրենասիրություն, պետություն, ընկերություն, ազնվություն,-ասում է Գալստյանը,- այսպիսի մարդը կորցնում է իր սեփական «ես»-ը, որի վրա պիտի կառուցեր իր հետագա կյանքը: Հենց այս ամենի պատճառով է Հայաստանում ստեղծվում անհանդուրժողական մթնոլորտ»:
Գիտությունը դեռևս չի պատասխանել` ագրեսիան ժառանգակա՞ն է, թե՞ ձեռք է բերվում սոցիալիզացիայի ընթացքում: Կենդանիների վարքի ուսումնասիրողները գտնում են, որ կենդանիների ագրեսիան ժառանգական է: Բայց արդյոք մարդը ժառանգո՞ւմ է ագրեսիվ վարքի մեխանիզմներ:
Որոշ մասնագետներ կարծում են, որ երեխաների ագրեսիան ունի ժառանգական նախադրյալներ, որոնք կյանքի ընթացքում կոնկրոտ հոգեբանական ձևեր են ստանում: ալստյանն ասում է, որ ագրեսիան շատ անգամ ընդօրինակում են, և անհատը ձևավորվում է` կախված այն բանից, թե շրջապատում ագրեսիայի ինչպիսի ձևեր է ընկալել հատկապես կյանքի առաջին տարիներին:
Ըստ ալստյանի` ագրեսիվ վարքի հիմքում ընկած ամենակարևոր պատճառներից է ընտանիքն ու սոցիալական միջավայրը: Երեխաների նկատմամբ ընտանիքում ցուցաբերված ագրեսիան, որ հաճախ է հանդիպում Հայաստանում, բերում է նրան, որ երեխան սկսում է ագրեսիա ցուցաբերել իր հասակակիցների նկատմամբ, իսկ հասունացմանը զուգընթաց ագրեսիան դառնում է կենսաձև: Երեխայի նկատմամբ ցուցաբերած գերհոգատարությունը նույնպես կարող է դառնալ ագրեսիայի առաջացման պատճառ:
Երեխաների ագրեսիայի առաջացման ժամանակ շատ կարևոր է ծնողների ճիշտ վերաբերմունքը: Զայրույթն ու պատիժները նման դեպքերում ոչ միայն չեն օգնի, այլև կարող են մեծ վնաս պատճառել երեխային:
«Ծնողները պիտի լինեն հնարավորին չափ կարդացած, գրագետ ու նրբանկատ, ասում է ալստյանը,-երեխան պիտի հարգի ծնողին, իսկ ծնողը՝ երեխային»։
Հոգեբան Դավիթ Գալստյանը երեխաների համար հոգեբանական անվճար ծառայություն է մատուցում: Հեռ.` 091190282






Facebook
Tweet This
Email This Post
