Օքսֆորդի մեծ բառարանն այլևս լույս չի տեսնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 31, 2010 12:38
Հայտնի Օքսֆորդի մեծ բառարանը թողարկող Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը որոշել է հրաժարվել դրա տպագիր տարբերակից։ Այս մասին գրում է The Daily Telegraph բրիտանական թերթը։
Օքսֆորդի մեծ բառարանը, որը անգլերեն լեզվի ֆունդամենտալ բառարան է, առաջին անգամ թողարկվել է 1928թ., երկրորդ անգամ՝ 1989թ. (այն ներառում է 20 հատոր)։ Երրորդ հրատարակության լույսընծայումը սպասվում էր ոչ շուտ, քան 10 տարի հետո. բառարանը կազմելու ուղղությամբ աշխատող շուրջ 80 մասնագետները 2010թ. հունիսին հասել էին միայն «R» տառին։
Թղթային տարբերակին զուգահեռ գոյություն ունի Օքսֆորդի մեծ բառարանի ցանցային տարբերակ։ Դրա տարեկան բաժանորդագրությունն ԱՄՆ բնակիչների համար կազմում է 290 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի բնակիչների համար՝ 240 ֆունտ (մոտ 372 ԱՄՆ դոլար)։ Ի տարբերություն տպագիրի՝ ցանցային բառարանը մշտապես թարմացվում է նոր հոդվածներով։
Oxford University Press-ի ղեկավարը ասել է, որ հրատարակչությունն առաջիկայում չի պատրաստվում հրաժարվել տպագիր բառարանների թողարկումից։ Նա կարծիք է հայտնել, որ 30 տարի հետո թղթից բառարանները գործածությունից դուրս կգան, քանի որ գնալով ավելի կիրառելի են դառնում ընթերցանության էլեկտրոնային միջոցները։






Facebook
Tweet This
Email This Post
