Հիվանդ սերունդ. նորակոչիկների 23-24 տոկոսն անպիտան է ծառայության համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 10, 2009 11:26

ԲանակՆորակոչիկների 23-24 տոկոսն անպիտան է զինվորական ծառայության համար։ Այս պատկերն է ներկայացնում հանրապետական գլխավոր զինվորական բժիշկ Ռուբեն Մարգարյանը։ Նա ասում է, որ արդեն 8-րդ զորակոչն է, ինչ նույն պատկերն է:

Նրա տվյալներով` 1997 –1998-ին ծառայության համար անպիտանները 12 –13 տոկոս են կազմել։
Ծառայության համար անպիտանների աճի պատճառն, ըստ բժշկի, այն է, որ նրանք ծնվել և մեծացել են 90-ականների ճգնաժամի տարիներին. «Որպես դժվարին ժամանակահատվածում ծնվածներ` նորակոչիկների մոտ առաջնային են ճգնաժամային իրավիճակին բնորոշ հիվանդությունները և արատները»:

Հայաստանի մարզերից յուրաքանչյուրի բնակիչները տարբերվում են իրենց արատներով և տարածաշրջանին բնորոշ հիվանդություններով:
Այս գարնանային զորակոչի ընթացքում առաջնային են եղել տեսողության հետ կապված խնդիրները: «Տեսողությունը վատ է թե՛ գյուղական բնակավայրերում, թե՛ քաղաքաբնակների մոտ,-տեղեկացրեց բժիշկը,-իհարկե` տարբեր պատճառներով: յուղերում մարդիկ կան, որ ծնված օրից չգիտեն` ինչ է պարզ տեսնելը. ահավոր է` -19,-20, և չեն էլ մտածել, որ կարելի է պարզ տեսնել, ակնոց կրել: Քաղաքաբնակների մոտ տեսողությունը նվազում է տարածության պակասի պատճառով: Աչքը մարզելու համար բաց տարածք է անհրաժեշտ, ինչը մենք չունենք»:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքաբնակների մոտ շատ են նաև սրտանոթային հիվանդությունները:
Ըստ Մարգարյանի` զարմանալիորեն բարվոք է յումրիի վիճակը.«Աչքի և սրտի հետ կապված խնդիրներ այնտեղ էլ կան, բայց այդքան ցավ ու դարդից հետո ծանր պաթոլոգիաներ չկան: Հոգեկան շեղումներ գրեթե չկան»:
Ի տարբերություն յումրիի` շատ են հոգեկան պաթոլոգիաները Լոռու մարզում: Համատարած են փսիխոպատներն ու վարքի խանգարումներ ունեցող երիտասարդները: Նաև չափազանց կռվարար են:
Տաշիրի բնակավայրերում համեմատաբար հանգիստ են, նույնը կարելի է ասել Վայքի մասին:

Արարատյան դաշտավայրում հատկապես վերջին տարիներին քիչ են հանդիպում թերքաշ նորակոչիկներ: Ռախիտ կա բոլոր տարածաշրջաններում, ինչը մեր երկրի համար անբնական է.
«Միրգը տեղը, արևը տեղը, բայց բժիշկներն ու ծնողները ժամանակին անուշադիր են գտնվել։ Փոս ընկած կուրծք ես հանդիպում, մեջը ֆուտբոլի գնդակ է տեղավորվում, այդ պարագայում մնացած օրգանների առողջության մասին խոսելն ավելնորդ է»:

Բժիշկն ասում է, թե նվազել են թերզարգացած օրգանիզմ ունեցողները, դրա փոխարեն աճել են հորմոնալ խանգարումները:
Երևանում աճել են սրտային պաթոլոգիաներ ունեցող պատանիների թիվը: Շատ են առանց մազակալման, չափազանց քիչ սերմնարտադրությամբ երիտասարդները:
Խիստ ընդգծված են անոթային խանգարումները. վերջույթները սառում են, կապտում ու ճաքճքում, որ կանանց բնորոշ հիվանդություն է, սակայն հիմա կարծես անցել է տղամարդկանց: Պետք է մտածել 91-92-ին ծնված աղջիկների մասին, ովքեր վերարտադրության հետ կապված բարդություններ են ունենալու: «Հիմա երիտասարդներին ձեռքով բարևում ես, կամ խոնավ է, կամ սառը, ոնց որ գորտի դիպչես:Ճարպակալման աճն է մտահոգիչ, դարձյալ էնդոկրին խանգարման արդյունք. սնունդն այնպիսին է, որ ջուր են խմում, ճարպ են հավաքում: Նայում ես` 18 -20 տարեկան տղաներ են, քաշից երեք անգամ ավել են, նրանցից ի՞նչ սերունդ: Այդ տարիքում անբնական է նման գիրությունը»-ասաց նա:

Տարածված են նաև երիկամային հիվանդությունները։

Նա ասում է, որ զորակոչի պատրաստվող տղաներից շատերն ատամները դիտմամբ չեն բուժում,որ ինֆեկցիան խորանա ու խուսափեն բանակից, նույնիսկ առողջ ատամներն են քաշում:
Պարբերական հիվանդությունների տոկոսը նույնն է բոլոր բնակավայրերում:

2004-ին ընդունվեց միասեռականներին բանակ չզորակոչելու օրենք: Ըստ բժշկի` դա խնդիրը լուծելու միակ ճանապարհն էր: Նախկինում այդ տեսակի մարդկանցից ազատվելու ելք չկար. հավաքում էին առանձին զորամասերում, քանի որ նրանց հետ մարդիկ չէին ուզում շփվել, հրաժարվում էին հաց կիսելուց կամ կողքը նստելուց: «Ստիպված ներառեցինք հիվանդությունների մեջ, որ չարիքի փոքրագույնն էր: Աշխարհի ոչ մի երկրում դա հիվանդություն չի համարվում: Եվրոպայում էլ սխալ կհամարվի,- համոզված է զիվորական բժիշկը,- բայց…Իրավաբաններն առայժմ լռում են: Օրենսդրական դաշտը հստակեցված չէ, մինչ օրս չի ասվում` դա հիվանդություն է, թե վարքի շեղում: Նրանց հետ թեստեր են անցկացնում և հաշվառում են հոգեբուժական կլինիկայում: Երբ ընդունվում էր օրենքը, մտածում էինք` շատերը կասեն, թե իրենք համասեռամոլ են ու բանակ չեն գնա: Բայց այդպես չեղավ: Հայկական մտածելակերպը թույլ չտվեց, ընդհակառակը, թաքցնում են, որ բանակ գնան: Ծնող-հարազատ չգիտեն, ամաչում են: Ճիշտ է` նրանց վերաբերյալ տվյալները հրապարակվում են միայն հարցումով, բայց գերադասում են մատը կտրելով բանակ չգնալ, քան խոստովանել»:

Ըստ Մարգարյանի` այժմ իրենց հանձնաժողովի շնորհիվ ավելի հաճախ են կանխվում սիմուլյանտության դեպքերը.«Նախկինում ավելի հեշտ էին ազատվում. մի երկու երակ կտրում էին, մի թեթև ճանկռում թևերն ու հոգեբուժարանով ազատվում: Հիմա դատվում են, երբ հայտնաբերվում են մակերեսային, ոչ խորը վնասվածքները»,-պատմում է բժիշկը:

«Թևերը փրթում են նաև որպես բողոքի նշան, նման բան կա բերդերում,բայց էստեղ վախ կա, որ կհատուցեն ազատազրկմամբ: Արմավիրի մարզում էր շատ տարածված»,- պատմում է Մարգարյանը:
Զորակոչն ավարտվեց երեք օր առաջ` հունիսի 30-ին։ Մոտ երկու ամիս անց կամփոփվեն նորակոչիկիների պիտանելիության վերաբերյալ վերջնական տվյալները, և թվերով պարզ կդառնա, թե որ հիվանդություններն են գերակշռում։

Դիտվել է 2419 անգամ:
Print Friendly

Leave a Reply