Պետական բյուջեի եկամուտներն աճել են 79.8 մլրդ, ծախսերը` 37 մլրդ դրամով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2010 11:00

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 438.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 463.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից ինն ամիսների համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 85.1 և 72.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 60.2%-ով, ծախսերի գծով` 54.1%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 79.8 մլրդ դրամով: Ընդ որում, 20.4%-ով (68.4 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97.1%-ով կամ 2.6 մլրդ դրամով պաշտոնական դրամաշնորհները, 43.3%-ով կամ 8.7 մլրդ դրամով` այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների, 1.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 10.7 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 463.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 72.9%-ը: Մասնավորապես` 419.4 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 44.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.4 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.7%-ով կամ շուրջ 37 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 24.7 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 27.3 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են  -2.6 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply