Բանակային արձակուրդ` փողով, ծանոթով կամ մեռած հարազատով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 10, 2009 11:20

Արձակուրդ բանակ30.000 կամ 40.000 դրամ: Էս էն գինն է, որով կարող ես որդուդ բանակից արձակուրդ բերել: 30.000-ը` 7 օրով, 40.000-ը` 10 օրով: Օրենքում գրված է, որ ծառայության ընթացքում զինվորին պարտադիր մեկ անգամ է հիմնական արձակուրդ հասնում. շարքայիններին` 15 օր, սերժանտներին (կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ) ու ավագներին` 20 օր: Լրացուցիչ արձակուրդ էլ կա` 5 օր տևողությամբ, որ տրվում է հրամանատարի որոշմամբ` «զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար»` ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին` 6 ամիսը մեկ անգամ):
Օրենքն օրենք, իսկ արձակուրդը տրվում կամ փողով, կամ ծանոթով: Փողը զինվորը տալիս է վաշտի հրամանատարի կողմից վստահված զինվորին, ով փոխանցում է վաշտի հրամանատարին, ով փոխանցում է գումարտակի հրամանատարին, վերջինս էլ փոխանցում է գնդի այն բարձրաստիճան հրամանատարին, ով զբաղվում է արձակուրդի հարցերով ( եթե գումարտակ չկա, և ծառայությունն առանձին վաշտում է, ապա փողը հասնում է մինչև վաշտի հրամանատար):

Արձակուրդի հարցով պարտադիր չէ, որ զբաղվի գնդի հրամանատարը, նրանից թաքուն դա կարող է անել գնդի հրամանատարի տեղակալներից մեկը: Այսուհանդերձ, շատ են եղել դեպքեր, երբ կորպուսից կամ նախարարությունից բարձրաստիճան սպաներ շարել են զորամասի սպաներին ու ասել.«Ով զինվորին փողով արձակուրդ ա ուղարկում, ինքը բ-ի տղա ա»:

Երբ կորպուսը սկսեց զորամասի արձակուրդներին հետևել, որ հանկարծ փողով արձակուրդ չուղարկեն, զորամասի սպաները խրախուսանքի կոնսպիրացիայի տակ էին փողով արձակուրդ ուղարկում: Բայց ուրիշի իրական խրախուսանքը, նույնիսկ բարձր սպայական կազմի, նրանց համար հիմք չի, որ արձակուրդ ուղարկեն։ Օրինակ, մի զինվոր երեք կրակոցով երեք թիրախները գցեց, հյուր եկած գեներալը որպես խրախուսանք նրա հրամանատարին հանձնարարեց 10 օրով արձակուրդ ուղարկել տղային, բայց հրամանատարը տղային չուղարկեց, որովհետև շահ չուներ դրանից:

Լավ ծանոթի դեպքում ինչքան ուզես կարող ես արձակուրդ ստանալ: Եթե զինվորի անմիջական հրամանատարը նրա արձակուրդ մեկնելուց ոչ մի շահ չի ստանում և եթե ինքը դասավորած չի լինում արձակուրդը, թարսվում է զինվորի հետ։ Նա համարում է, որ իր «գլխի վրայով թռել են», և երբ զինվորը վերադառնում է արձակուրդից, սկսում է դժվարացնել նրա ծառայությունը (հաճախակի վերակարգ է նշանակում, ամեն մանրուքի համար նկատողություն է անում, ոչ մի հարցում չի ընդառաջում):

Եթե զինվորը ծառայում է գումարտակում և իր արձակուրդը միանգամից գումարտակի հրամանատարի միջոցով է կազմակերպել, այսինքն, կաշառքից վաշտի հրամանատարին փայ չի հասել, ապա վաշտի հրամանատարն է թարսվում զինվորի հետ։ Իսկ եթե վաշտի հրամանատարը, առանց գումարտակի հրամանատարին փայ տալու, զինվորին արձակուրդ է տալիս, ապա գումարտակի հրամանատարն է թարսվում զինվորի հետ: Սպաներ կան, որոնք իրենց լավ ծանոթների միջոցով խափանում են այն զինվորի արձակուրդը, ով փորձել է իրենց «գլխի վրայով թռչել»:

Ամուսնացածների` 6 ամիսը մեկ հասանելիք արձակուրդը երբեք չի տրվում, և նրանք էլ մյուսների պես նույն կարգով են գնում արձակուրդ։ Այդ պատճառով էլ ամուսնացածներն ավելի հաճախ են ինքնակամ լքում զորամասը (սամավոլկա գնում):

Ընտանեկան պայմանների պատճառով արձակուրդ տրվում է նրան, ում հարազատներից մեկն ամուսնանում է կամ մահացել է: Ամուսնության կապակցությամբ տրվում է 5 օր: Եթե զինվորի ծնողն է մահացել կամ քույրը, եղբայրը, տրվում է 10 օր արձակուրդ, մյուս դեպքերում (տատ, պապ, մորեղբայր, հորեղբայր և այլք)` 5 օր: Երբ պատահական որևէ զինվորի արձակուրդ են ուղարկում, կասկած է առաջանում, որ մի վատ բան է պատահել, քանի որ նրան չեն ասում, թե ինչ է պատահել։ Նա բարձր տրամադրությամբ գնում է արձակուրդ, հասնում իր քաղաք ու էնտեղ իմանում, թե ինչի համար են իրեն արձակուրդ տվել:
Լինում է, որ զինվորները հրամանատարությանը խաբում են, թե հարազատներից մեկն ամուսնանում է, որ իրենց արձակուրդ ուղարկեն, ինչպես նաև լինում է, որ հարազատին սուտ «թաղում են»` արձակուրդ ստանալու համար:

Արձակուրդ կամ անհատական են ուղարկում, կամ հոսքով: Անհատական ուղարկում են կամ ընտանեկան պայմանների համար, կամ այն պատճառով, որ լավ ծանոթ է զանգել: Եթե գնդում ինչ-որ դեպք է տեղի ունենում (չեպե), արձակուրդներից զրկում են բոլորին, արանքում էլ` քննություններ, ճամբարային հավաքներ, ու լինում է, որ 4,5 ամիս գնդից արձակուրդ չի լինում: Փետրվարին արձակուրդի փողը տալիս էին, հունիսին` նոր գնում: Իսկ էդ ժամանակահատվածում ամեն օր հույս ունեին, որ գոնե վաղը կգնան:

Քաղաքացիական կյանքի հաճույքները վայելելուց հետո հոգեբանորեն անտանելի է կրկին բանակ մտնելը: Իսկ ընկերներն անհամբեր սպասում են, թե երբ է արձակուրդ գնացածը վերադառնալու, որ խժռեն նրա բերած տուլիկը (տնային ուտելիքներով լի կապոցը)։ Մտնում է զորամաս, փաթաթվում ընկերներին, հետո սպասում են` սպաները գնան տուն, ու տուլիկը բացում են։ Բայց նա դեռ քաղաքացիական կյանքի դոզայի տակ ոչինչ չի ուտում: Ընկերները տուլիկն ուտում են ու միշտ հարցնում.«Ի՞նչ կար քաղաք»: Նա միշտ պատասխանում է.«ԱպեԲր, քաղաքն էլ էն վախտվանը չի: Աղջկերքը փչացած, ում հետ պատահի սիգարետները բերանները ֆռում են, տղերքն էլ մեկը մեկից գոմիկ: Ճիշտ հասկացությունը վերացել ա, ախպեր, հիմա ինչ կռիվ լինում ա, երկրորդ բառի վրա մլիցա են կանչում»:

Դիտվել է 3192 անգամ:
Print Friendly

Leave a Reply