Թուրքիայում Օրհան Փամուքից պահանջում են վերադարձնել Նոբելյան մրցանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2010 21:06
Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհամ Փամուքից Թուրքիայում պահանջում են վերադարձնել մրցանակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթի բլոգի հոդվածագիր Էրդողան Շահինն, անդրադառնալով Փամուքի ստացած մրցանակին, գրում է, որ թուրք ժողովրդի համար կարեւոր են ազգային հաջողությունները, բայց, Փամուքի ստացած մրցանակն ավելի շատ ոչ թե ուրախացրել, այլ` տխրեցրել է իրեն: Մասնավորապես, հեղինակը գրում է. «Փամուքի` «Թուրքերն սպանել են միլիոնից ավելի հայերի եւ 30 հազարից ավելի քրդերի» արտահայտությունը խորապես վիրավորել է թուրքերին: Ամբողջ աշխարհում մեծ նշանակություն են տալիս Նոբելյան մրցանակակիրների խոսքերին, եւ դրանք ընկալվում են որպես ճշմարտություն: Փամուքի գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով եւ շարունակում են թարգմանվել:
Այդ խոսքերը հասցվում են ամբողջ աշխարհին: Դրա արդյունքում աճում է թուրքերի նկատմամբ ատելությունը», -գրում է Է.Շահինը: Հեղինակի խոսքերով, եթե Փամուքը վերադարձներ պարգեւը եւ ներողություն խնդրեր թուրք ժողովրդից, ապա նա կբարձրանար իր աչքերում: «Այդ ժամանակ թուրք ժողովուրդը կրծքին կսեղմեր Փամուքին եւ դա նրա համար կլիներ ամենալավ պարգեւը», -համոզմունք է հայտնել նա` նշելով, որ ինչպես երեւում է, Փամուքը շարունակում է սիրել իր մրցանակը եւ պատրաստվում է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին նվիրված սեպտեմբերի 12-ին անցկացվելիք հանրաքվեում:






Facebook
Tweet This
Email This Post
