Ամերիկահայ երաժիշտը սեպտեմբերի 18-ին համերգով հանդես կգա Վանում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2010 20:30

«Երաժիշտները կարող են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը», – Zaman-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում բնակվող հայազգի դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունին:
Թուրքական պարբերականի կիրակնօրյա համարում տպագրված հարցազրույցում Արծրունին հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին՝ Աղթամարում կայանալիք պատարագի նախօրեին, Վանում հանդես կգա մեծ համերգով, որի ընթացքում կատարելու է ինչպես հայ, այնպես էլ թուրք կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հայ կոմպոզիտորներից Արծրունին մասնավորապես նշում է Կոմիտասի եւ Ալան Հովհաննեսի անունները:

«Համերգին կմասնակցեն նաեւ օպերային երգիչ Գեւորգ Դավիդյանն ու ջութակահար Սեւիլ Ուլուջյանը», – նշում է Արծրունին: Նրա համոզմամբ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երաժիշտներն ի վիճակի են լուրջ դերակատարություն ստանձնել ժողովուրդների միջեւ հարաբերությունները կարգավորելու գործում։

«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված: Հիշեք թեկուզ այն հրաշալի համերգը, որով հանդես եկավ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբն անցած տարի՝ հյուրախաղերով ժամանելով Հյուսիսային Կորեա: Հիշենք իսրայելցի եւ պաղեստինցի երիտասարդ երաժիշտներին միավորած «Դիվան» նվագախմբի մասին, որը կազմավորեցին իսրայելցի խմբավար Դանիել Բարենբոյմն ու պաղեստինցի գիտնական Էդվարդ Սաիդը», – ասում է հայ երաժիշտը՝ հավելելով, սակայն, որ սեպտեմբերի 19-ին կազմակերպվելիք պատարագին չի մասնակցի:

«Ես գերադասում եմ Աղթամար կղզի այցելել գիշերն ու միայնակ զգալ պատմության շունչը», – Zaman-ի թղթակցին ասել է ամերիկահայ երաժիշտը՝ հիշեցնելով. – «Պատմական վկայություններ կան, որ ես Սուրբ Խաչ եկեղեցին կառուցած Գագիկ Արծրունու ժառանգներից եմ: Այս առումով ինձ համար ամենակարեւորն այն ներդրումն է, որ կարող եմ ունենալ իմ ժողովրդի մշակույթում: Ճիշտ հասկացեք ինձ, ես հպարտությամբ եմ կրում Արծրունի ազգանունը, բայց դա չի նշանակում, թե ես գտնվում եմ ազնվականներին բնորոշ պատրանքների գրկում»։

Ի դեպ՝ Շահան Արծրունին նշում է, որ դեռ 2007-ին, Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումից անմիջապես հետո, նամակ էր հղել Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն՝ ցանկություն հայտնելով մասնակցել բացման արարողությանը:

«Այն ժամանակ ես այդպես էլ պատասխան չստացա: Այսօր ամեն ինչ, կարծես, այլ կերպ է ընթանում», – նշել է ամերիկահայ երաժիշտը:

Գեւորգ Ստամբոլցյան

www.azatutyun.am

Դիտվել է 1916 անգամ:
Print Friendly

Leave a Reply