Մամուլի ասուլիս ` գրավիչ միջազգային մրցաշարից առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 30, 2010 17:50

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Խոսակցության հիմնական թեման սեպտեմբերի 2-4-ը Վանաձորում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարն էր, որին մասնակցելու են մեր երկրի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի  տղամարդկանց հավաքականները:Ասուլիսին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը, Հայաստանի հանդբոլի հավաքականի մարզիչներ Էդուարդ Օհանյանը, Պատրիկ Օթամյանը, հավաքականը համալրած Ֆրանսիայում բնակվող և այդ երկրի ակումբներում խաղացող  մեր ինը հայրենակիցներ: Նախ, պրն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով է արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացվում միջազգային այս մրցաշարը: Գլխավորն այն է, որ մարզասերները, հատկապես հանդբոլով զբաղվող պատանիները և աղջիկները բարձրակարգ խաղացողների մասնակցությամբ հանդիպումների ականատեսը դառնան, անմիջականորեն ծանոթանան, թե իրենից ինչ է ներկայացնում մարզաձևը: Դրանով է բացատրվում, որ  այս ստուգատեսին մասնակցելու են հրավիրվել հանդբոլի ավանդույթներ, նաև ուժեղ հավաքականներ ունեցող երկրների ներկայացուցիչներ: Մասնավորապես, նախորդ տարվա այս ստուգատեսի հաղթող Իրանի հավաքականը 2006-ի ասիական խաղերում  3-րդ տեղ է գրավել, իսկ մեկ տարի դրանից առաջ էլ Արևմտյան Ասիայի  երկրների խաղերում ճանաչվել էր երկրորդը: Բելառուսի և Վրաստանի հավաքականներն ուժեղագույններից են Եվրոպայում, այդ թիմերի խաղացողների մի մասը հանդես է գալիս Հին աշխարհամասի լավագույն ակումբներում: Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչն է օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Շևցովը: Նշվեց, որ նախորդ տարի առաջին անգամ  մրցաշարը հաջող կազմակերպվել էր Երևանում, այն լավ արձագանք էր ստացել Հայաստանում ու Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայում: Եթե անցյալ տարի մրցաշարին դրսից միայն ներկա էր գտնվել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ապա այս տարի արդեն մրցաշարի օրերին Հայաստան են այցելելու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին (Չեխիա), Վրաստանի, Բելառուսի ֆեդերացիաների նախագահները: Ընդ որում, Բելառուսի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովը  նախկինում  եղել է այդ երկրի խորհրդարանի ղեկավարը: Այնպես որ, մրցաշարը դեռ չսկսված դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծ  է: Ընդգծվեց, որ հատկապես  ուշագրավ իրադարձություն կլինի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի սեպեմբերի 3-ին նախատեսված այցը: Իսկ Տաբորսկին քաջահմուտ մասնագետ է և առիթ է ունեցել վերջերս Հայաստանում մարզիչների սեմինար անցկացնելու: Միաժամանակ նշվեց, որ թեև այս ամենը լավ է, բայց կարևորը մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումն է: Ինչ խոսք, խնդիր է դրված, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս գա այս փորձությունից: Եվ դրանով է բացատրվում, որ հավաքականը համալրելիս օգտագործվել են նաև ֆրանսիայում բնակվող և խաղացող մեր հայրենակիցների ուժերը: Բանախոսը տեղեկացրեց, որ դեռ այս տարվա սկզբին ինքը և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը միասին եղել են Ֆրանսիայում, Հայաստանի ազգային հավաքականի համար թեկնածուներ ընտրել: Իսկ նախապատվությունը տրվել է Ֆրանսիային, քանի որ այդ երկրում հանդբոլը բարձր մակարդակ ունի, Ֆրանսիայի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոններ են: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ապա բոլորն էլ փորձառու, բարձր խաղամակարդակ ունեցող հանդբոլիստներ են: Ֆրանսիայում ստեղծվել է «Աջակցություն` հայկական հանդբոլին» կազմակերպությունը, որի հետ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հինգ տարով պայմանագիր է կնքել: Իսկ նպատակն այն է, որ համատեղ ուժերով ստեղծվի Հայաստանի միասնական հավաքական և այն պատվով դուրս գա միջազգային փորձություններից: Մեր երկրի ներկայիս հավաքականում յոթը խաղացողներ Հայաստանից են:

Պրն Գրիգորյանը պարզաբանեց նաև, թե ինչ սկզբունքով է կատարվել մրցաշարի մասնակից երկրների հավաքականների ընտրությունը: Հրավիրվել են հիմնականում մեր հարևան երկրների ներկայացուցիչները, իսկ հետագայում նպատակ կա այդ շրջանն ընդլայնել: Ի դեպ, պայմանավորվածություն կա, որ մերոնք էլ փոխայցելություններ կատարեն և միջազգային մրցաշարերի մասնակցեն Բելառուսում, Վրաստանում, Իրանում: Հաջորդ տարի հնարավոր է Հայաստանում կազմակերպվելիք միջազգային մրցաշարին մասակցեն նաև Ռուսաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Հայտնվեց, որ դժվար է եղել խաղացողներին այս ժամանակահատվածում Ֆրանսիայից Հայաստան բերելը, քանի որ նրանց ակումբները խաղերի են մասնակցում: Ժամանակի սղության պատճառով Հայաստանի հավաքականի մրցակիցների անցկացրած հանդիպումներին ծանոթանալու հանրավորություն չի եղել:

Ֆրանսիայից եկած Ալեքս Կումրյանը հայտնեց, որ իր և խաղընկերների համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը: Նա նշեց, որ հպարտորեն պետք է կրեն եռագույնի խորհրդանիշով իրենց մարզաշապիկները և պետք է փորձեն սեպտեմբերի 2-ին հաղթել Բելառուսի հավաքականին, հետո էլ` մյուս մրցակիցներին: Ֆրանսիայից ժամանած մարզիչ Պատրիկ Օթամյանը հայտնեց, որ վերջին մեկ ամիսը հանդբոլիստները Ֆրանսիայում ծանրաբեռնված պարապմունքների են մասնակցել: Իսկ միասնական կազմով հավաքականն արդեն երկրորդ պարապմունքն է անցկացրել և խաղացողների միջև լավ փոխըմռնում կա: Այնպես որ, Հայաստանի ընտրանին մարտական տրամադրությամբ է խաղահրապարակ դուրս գալու: Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ հավաքականը խաղալու է միայն հաղթանակի հասնելու ձգտումով, թե ինչ կլինի հետո,  դժվար է կանխագուշակել: Ասվեց, որ կասկած չկա միայն, որ բոլոր հանդիպումներն անզիջում են լինելու, և սպասվում է գրավիչ պայքար:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply