Հեծանվահրապարակը «գնում է» ծայրամաս

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 1, 2010 17:33

Վաղուց է, ինչ Երևանի կրկեսի հարևանությամբ գտնվող  հեծանվահրապարակը խայծ է դարձել շատերի, նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակից փողատերերի համար: Թերևս այդ է պատճառը, որ մայրաքաղաքի կենտրոնում ընդարձակ տարածք զբաղեցնող այս մարզակառույցը, որը ժամանակին հյուրընկալել է հեծանվային սպորտի խոշորամասշտաբ մրցումների մասնակիցների, ասես մեր մարզական բնագավառի ղեկավարների ուշադրությունից «պատահականորեն» դուրս էր մնացել, և ոչ ոք  այն կարգի բերելու մասին չէր էլ մտածում:

Անկախացումից հետո ձևականորեն ցույց էր տրվում, որ տարբեր ծրագրեր են կազմվում այս մարզաբազան տեսքի բերելու համար, սակայն  դրանք այդպես էլ մնում էին  թղթի վրա: Ընդ որում, մի քանի անգամ նախահաշիվ է  կազմվել, թե ինչ ֆինանսներ են անհրաժեշտ հեծանվահրապարակը կրկին տեսքի բերելու համար: ԵՎ պարզվել է, որ պահանջվում է 2-2,3 մլն դոլար: Փաստն այն է, որ այդպես էլ ոչինչ չարվեց: Իսկ մարզակառույցի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ մխիթարական չէ:

Բանն այն է, որ այն կառուցվել է խորհրդային տարիներին `1975 թ.: Ջրամհեռացման խնդիրը լուծված չէր, և դա քայքայիչ ազդեցություն է ունենում: Ընդ որում, այս մարզաբազան երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Բայց խորհրդային ժամանակներում ամեն տարի մարզակառույցի պահպանման և վերանորոգման համար զգալի ֆինանսներ էին հատկացվում: Եվ դա հասկանալի էր, քանի որ այն, բաց երկնքի տակ գտնվելով, ցրտից և տաքությունից որոշակի հարվածներ է կրում: Հեծանվահրապարակի ներկայացուցիչները, իսկ այն պատկանում է «Հայաստան» մարզական միությանը, փորձում են ամեն տարի գարնանն իրենց ուժերով մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարել, սակայն դա ելք չէ:  Ի դեպ,  վազքուղին ներկայումս էլ լավ վիճակում է, և այն լավագույններից է աշխարհում. դրա երկարությունը 250 մ է, այսինքն` համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մինչդեռ, արտասահմանյան երկրներում քիչ են այդպիսի հեծանվահրապարակները: Բացի այդ, մարզաբազայի տարածքն ընդարձակ է, հեծանվահրապարակն օժանդակ կառույցներ ունի. դա նույնպես կարևոր նախապայման է և վկայում է, որ այստեղ ամեն ինչ միջազգային չափանիշներով է, և կարելի է անգամ օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների մեկնարկներ անցկացնել: Մասնավորապես, համեմատության համար նշենք, որ Մոսկվայի հայտնի «Կռիլատսկի» հեծանվահրապարակում այդ նույն բանն անել չի թույլատրվում, քանի որ վազքուղու երկարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այդպիսի վճիռ է կայացրել Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիան:

Սակայն, ինչպես նշվեց,  ոչ թե Երևանի հեծանվահրապարակը, այլ դրա զբաղեցրած տարածքն էր  «ուշադրության» կենտրոնում: Ի վերջո, սողոմոնյան վճիռ է կայացվել, որոշվել է, որ այն պետք է քանդվի, տարածքը տրամադրվի քաղաքապետարանին, փոխարենը մայրաքաղաքի ծայրամասային հատվածում նոր հեծանվահրապարակ պետք է կառուցվի: Ինչ վերաբերում է հեծանվահրապարակի տերերին` «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներին, նրանք իհարկե կողմ էին այսպիսի հանգուցալուծմանը, քանի որ մտավախություն ունեին, որ  կարող են պարզապես առանց որևէ փոխհատուցման խլել մարզաբազան:

Եվ ահա սպասում էին, որ ավարտվի  Ազգային օպերայի և բալետի առջև գտնվող հրապարակի ստորգետնյա ավտոկանգառի շինարարությունը, որպեսզի նույն շինարարական կազմակերպությունը սկսի նոր հեծանվահրապարակի կառուցումը: Ու սայլը տեղից շարժվել է: Իսակովի փողոցում սկսվել է  հեծանվահրապարակի կառուցումը:

«Հայաստան» մարզական միության հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են մայիսից, ինքը հաճախակի է լինում կառույցում և հետևում գործերի ընթացքին: Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքը թափով է ընթանում և որակով է կատարվում: Թեև նախատեսված է, որ հեծանվահրապարակը շահագործման է հանձնվելու երկու տարուց, սակայն Խաչատրյանը վստահ է, որ շինարարներն ավելի վաղ կավարտեն  աշխատանքը: Բանն այն է, որ նախապես պայմանավորվել են, որ  ներկայիս հեծանվահրապարակը կքանդվի միայն նորը շահագործման հանձնելուց հետո:

Ի դեպ, նոր հեծանվահրապարակն ունենալու է 3200 նստատեղ: Դա 2 հազար նստատեղով քիչ է, քան ունի  ներկայիս հեծանվահրապարակը: Սակայն չպետք է անտեսել այն հանգամանքը, որ  նոր կառույցն ունենալու է  ժամանակակից աթոռներ, մինչդեռ ներկայիս կառույցում փայտե ոչ հարմարավետ նստարաններ են: Այնպես որ,  ապագա հեծանվահրապարակը համեմատաբար այնքան էլ տարողունակ չի լինելու, բայց դա այնքան էլ չի  տխրեցնում: Ընդ որում, կառուցվելու է երկու տրիբունա:

Երկար ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե ինչպիսի շինանյութից պետք է պատրաստված լինի վազքուղին: Երկու տարբերակ կար` բետոնից կամ փայտից: Մինչև վերջնական որոշում կայացնելն ուսումնասիրվել են վերջին շրջանում արտասահմանյան տարբեր երկրներում կառուցված հեծանվահրապարակները: Փորձը ցույց է տվել, որ ավելի արագընթաց  ու դիմացկուն են բետոնե ծածկով վազքուղիները: Եվ ահա համաձայնության են եկել, ու կառույցի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն էլ վստահեցրել է, որ սարքավորվելու է  բետոնե վազքուղի: Ընդ որում, վազքուղին փայտե տանիքով ծածկ է ունենալու: Փաստորեն, այն անձրևի, ձյան տեղումներից, արևի ճառագայթներից պաշտպանված է լինելու: Կարևորն այն է, որ վազքուղու երկարությունը դարձյալ 250 մ է, այսինքն` համապատասխանելու է ժամանակակից պահանջներին: Այնպես որ, նոր հեծանվահրապարակը խոստանում է տարածաշրջանում լավագույնը լինել:

Անկասկած, բարձրակարգ հեծանվահրապարակի առկայությունը կարող է նպաստել մեր երկրում այս գրավիչ մարզաձևի զարգացմանը: Պայմանները հեծանվային սպորտում կարևոր դեր ունեն, առանց դրանց հնարավոր չէ ուժեղ մարզիկներ պատրաստել: Ցավոք, Հայաստանի հեծանվային սպորտում ներկայում մի շարք կնճռոտ խնդիրներ են ծառացած: Թերևս ամենագլխավորն այն է, որ ֆինանսական միջոցները սուղ են: Առանց մեծ գումարների հնարավոր չէ մեր մարզիկներին միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսների գործուղել, որպեսզի նրանք մրցափորձ ձեռք բերեն ու վարպետանան: Ահավասիկ, Հայաստանի այս մարզաձևի հավաքականի ոչ մի անդամ չմասնակցեց օգոստոսի սկզբին Իտալիայի Վերոնա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի աշխարհի առաջնությանը: Պատճառը ֆինանսների խնդիրն էր, բացի այդ, արժանի թեկնածուներ չկային, ովքեր կարող էին բարձր պահել Հայաստանի պատիվը:

Մտահոգվելու առիթներ շատ կան: Վերջերս Հայաստանի երկու ներկայացուցիչ Թուրքիայում մասնակցել է խճուղային հեծանվավազքի խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսի: Եվ այդ մեկնարկներում 25 կմ 900 մ անհատական մրցավազքում Միհրան Ավետիսյանը և Դավիթ Մկրտչյանը  50 մասնակիցների պայքարում զբաղեցրել են 47-րդ և 49-րդ տեղերը: Իսկ  խմբային մրցավազքում ընդհանրապես չեն կարողացել ավարտել մրցատարածությունը:

Ներկայումս մարզիկներ ունենք, ովքեր պարապում և մրցելույթներ են ունենում արտասահմանում: Տիգրան Կորկոտյանը Ֆրանսիայում է, իսկ Սերգեյ Սարկիսովը` Իսպանիայում: Սակայն այդ մարզիկներն ի վիճակի չեն խառնվելու ուժեղագույնների մրցավեճին: Իսկ 19-ամյա Սուրեն Պետրոսյանը` Հայաստանի հեծանվորդներից միակը, որ բարձր միջազգային վարկանիշ ունի և երիտասարդների մեջ տարբեր մրցաձևերում զբաղեցնում է աշխարհում 11-րդ և 15-րդ հորիզոնականները, արդեն տևական ժամանակամիջոց է, որ չի  մարզվում և մրցումների չի մասնակցում: Պատճառը պարզելու համար դիմեցինք նրա հորը` Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանին, խնդրեցինք նաև  կարծիք հայտնել, թե որքանով է նպատակահարմար, որ մեր մարզիկները խաղից դուրս մնան, չմասնակցեն աշխարհի առաջնությանը: Խաչատրյանն այն   տեսակետը հայտնեց, որ եթե Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են այդպիսի խոշորամասշտաբ ստուգատեսի, պետք է  վստահ լինեն, որ լավ արդյունք ցույց կտան: Հակառակ պարագայում նա անիմաստ համարեց փող ծախսել և մարզիկներ մրցավայր գործուղել: Ինչ վերաբերում է որդու հետ կապված  խնդրին, ապա բոլոր ուժեղ, անվանի մարզիկներն էլ տարբեր ժամանակահատվածներում գերադասել են հեռանալ իրենց նախասիրած մարզաձևից: Սուրեն Պետրոսյանն էլ ներկայումս թողել է հեծանվային սպորտը և ըմբշամարտով է զբաղվում: Նա հայտնեց, որ հույս ունի համոզել որդուն, որ կրկին վերադառնա հեծանվային սպորտ, սակայն դժվարացավ ավելի որոշակի բան ասել:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply