Հ. Պետրոսյան. «Ադրբեջանցիներին նյարդայնացնում են Տիգրանակերտի պեղումները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2010 17:32

Ադրբեջանցիներին նյարդայնացնում են Տիգրանակերտում իրականացվող պեղումները: Նրանց կողմից երբեք խտրականություն չդնելու, ամեն ինչ սեփականելու, պատմության եւ մշակույթի հետ գոնե մի փոքր ազնիվ լինել չփորձելու միտումը ակնհայտորեն շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով` սա ադրբեջանցիների ամենամեծ բացթողումն է:

Հ. Պետրոսյանը վստահեցրեց, որ այն, ինչ որ իրենք անում են Տիգրանակերտում, անում են ազնվորեն եւ անկեղծորեն` իրենց գործում չդնելով ատելություն: «Ես միշտ ասել եմ, որ չեմ ընդունում մոտեցումները, ըստ որոնց` Տիգրանակերտում աշխատանքներ են տարվել ադրբեջանցիներին պատժելու համար»,- ասաց արշավախմբի ղեկավարը: Անդրադառնալով ադրբեջանցիների ստահոդ արձագանքներին` Հ. Պետրոսյանը նշեց, որ նրանք սկզբնական շրջանում, երբ սկսվել էին պեղումները, մի քանի թերթերում գրում էին, որ հայերը ստախոս են, «ինչպես միշտ դա հայկական առասպել է», հետո հոդվածներ տպագրվեցին, որ այդ քաղաքը Տիգրանակերտը չէ. տեսնելով քաղաքի լուսանկարները` նրանք այլեւս չկարողացան հերքել, որ սա քաղաք է, սակայն արդեն սկսեցին գրել, թե դա աղվանական Տիգրանակերտն է:

«Ակնհայտ է, որ ինչքան մեր ապացույցները հաջողվում են, այնքան իրենք ստիպված են ընդունել հայկական Տիգրանակերտի գոյությունը»,- նշեց Հ. Պետրոսյանը` շեշտելով, որ իրենք ունեն լրջագույն ապացույցներ, որ նշված քաղաքը հայկական Տիգրանակերտն է: Տիգրանակերտի պեղումներին մասնակցում են հինգ հնագետ, երկու ճարտարապետ, Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների մեկ տասնյակ ուսանողներ, քառասունից ավելի բանվորներ: Պեղումներն ընթանում են միջնաբերդի տարածքում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի եւ Բազիլիկ եկեղեցուն կից հատվածներում: Հուշարձանը օրական ունենում է քառասունից յոթանասուն այցելու:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply