Ռուսաստանից Հայաստան կներկրվի 950 տոննա ցորենի էլիտար սերմնացու
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2010 17:13
«Սերմնաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան կներկրվի 950 տոննա ցորենի էլիտար սերմնացու: Եվս 500 տոննան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի տեղական սերմ արտադրողներից: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, իրենց մասնագետները ներկայում գտնվում են Շիրակի մարզում, որտեղ մարզպետարանի ներկայացրած հողերում ուսումնասիրություններ են կատարում` պարզելու համար` արդյոք ներկայացված տարածքներն ունեն նպաստավոր պայմաններ սերմնաբուծության համար. հողը պետք է լինի բերրի, վարակված չլինի, որպեսզի հենց հաջորդ տարի ստացվի առաջին վերարտադրության մաքուր սերմ. վերջինս նորից կտրամադրվի գյուղացիներին:
«Այս տարի սերմը կտրամադրվի երեք եւ ավելի հեկտար հող ունեցող ֆերմերներին, որպեսզի աշխատանքն առավել արդյունավետ իրականացվի: Մարզպետարանների կողմից մինչ այսօր ներկայացվել է 18 հազար հեկտարի հայտ, որից պետք է ընտրվի 5 հազար հեկտարի ցանքատարածություն: Մեկ հեկտարի համար գյուղացուն կհատկացվի 300 կգ սերմ»,- ասաց գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում կպակասեն դրսից ներկրվող սերմերի ծավալները, եւ մինչեւ 2014 թվականը Հայաստանի Հանրապետությունը կարտադրի 3 հազարից 3 հազար 300 տոննա սերմնացու:
«Սերմնաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում ակնկալվում է տարեկան 300-350 հազար տոննա ցորենի արտադրություն` այսօրվա 150 հազարի փոխարեն, իսկ ցանքատարածություններն էլ կհասցվեն 2005թ.-ի ցուցանիշին` 120-130 հազար հա: Ներկայում ցանքատարածությունները 80-85 հազար հեկտար տարածք են զբաղեցնում, որն էլ, ըստ նախարարի, պայմանավորված է մի շարք գործոններով. գյուղացին ցորենի արտադրությունը համարում է ոչ եկամտաբեր` լավ սերմ չունենալու պատճառով: Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, կարեւոր խնդիր է պարենային ցորենի արտադրության քանակների ապահովումը: «Այս տարի եղանակային պայմանների հետեւանքով ՌԴ-ում, Ուկրաինայում եւ Հայաստանում ցորենի ցածր բերքատվություն կլինի: Հայաստանում դրա ծավալներն այս տարի կկազմեն 120-130 հազար տոննա, որը նախորդ տարվա համեմատ շատ ցածր ցուցանիշ է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, չնայած նրան, որ ՌԴ կառավորությունը ասհմանափակումներ է դրել ցորենի արտահանման վերաբերյալ` Հայաստան ցորեն ներկրող կազմակերպություններն այդ որոշումից հետո ցորենը սկսել են ներկրել այլ երկրներից` Ղազախստանից, Բուլղարիայից, ԱՄՆ-ից: Այս տարվա օգոստոսին ավելի շատ ցորեն է ներկրվել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ցորեն ներկրող ընկերությունների հավաստմամբ, Հայաստանը առնվազն 3-4 ամսով ապահովված է պարենային ցորենի պաշարներով: ՀՀ-ում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա պարենային ցորեն, որից անցյալ տարի մեր երկրի արտադրած ծավալը 270 հազար տոննա է եղել: Ցորենի պահանջարկի մյուս մասը Հայաստանը ներկրում է այլ երկրներից:






Facebook
Tweet This
Email This Post
