ԿԳ նախարար. «Ավագ դպրոցների կայացումը հանրակրթական ոլորտի բարեփոխումների անկյունաքարն է»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2010 16:12

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի որդեգրված քաղաքականության համաձայն` պետք է գործեն ավագ դպրոցներ` առանձնացված ցանցի ստեղծումով: Ինչպես այսօր Երեւանի «Մոսկվայի տանը» մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը նախորդած ճեպազրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ավագ դպրոցների ստեղծումը եւ լիարժեք գործարկումը թույլ կտա իրականում ապահովել կրթության էլ ավելի բարձր որակ:

Ավագ դպրոցը հանրակրթության վերջին աստիճանն է, որտեղ պետությունը պարտավորվում է հավելյալ ներդրումների միջոցով ապահովել ավելի բարձր կրթական որակ` իհարկե ստեղծելով համապատասխան պայմաններ նաեւ հիմնական դպրոցներում: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ անարդյունավետ է եւ ապարդյուն պետական քաղաքականության դեմ որեւէ անհատական պայքարը: «Կրթության եւ գիտության նախարարությունը ինչ ասում է, այն իրականացնում է, եւ այստեղ անհարկի համառությունը կամ անհեռատեսությունը իրականում ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասաց նախարարը: Այս պահին Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 ավագ դպրոց:

«Իհարկե միանգամից կայացնել այդ համակարգը շատ դժվար է, քանի որ կրթական համակարգում արդյունքը տեսնելու համար անհրաժեշտ է մի քանի տարի, սակայն արդեն կարող եմ ասել, որ այն ավագ դպրոցները, որոնք երկու տարի առաջ անցել են նոր ծրագրի, ունեն շատ բարձր ցուցանիշներ եւ ավագ դպրոցների կայացումը մեզ համար հանրակրթական ոլորտի բարեփոխումների անկյունաքարն է: Նաեւ մասնագիտական կրթության համար շատ կարեւոր ելակետ է այն, որովհետեւ նախամասնագիտական կողմնորոշման միջոցով հնարավոր կլինի բարձրացնել բարձրագույն կրթության եւ առհասարակ մասնագիտական կրթության որակը»,- ասաց Ա. Աշոտյանը:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply