Նոր հայտնաբերված պղնձե դրամներ` Տիգրանակերտում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 30, 2010 16:00

Այսօր մաքրման են հանձնվել օրերս Տիգրանակերտում հայտնաբերված պղնձե դրամները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, այդ դրամների հայտնաբերումը մեծ հույսեր է ներշնչում, որ գուցե հայտնաբերվեն նաեւ Տիգրան Մեծի հատած դրամները:

Նրա տեղեկացմամբ` պղնձե դրամները լավ պահպանված են, անգամ տեսանելի են դրանց վրայի պատկերները` Արքայից արքայի, Շահնշահի, տարբեր արքաների դաջվածքներով: Գտածոները թվագրվում են մ.թ.ա. 1-ին-ից մ.թ. 1-ին դարերը: Ի դեպ, պղնձադրամներից մեկը գտնվել է մարդկային բերանում, որը հայտնի սովորույթների առարկայական վկայություն է: «Սա շատ ուշագրավ է եւ հետաքրքիր, պետք է այն արժանվույնս գնահատել»,-նշեց Հ. Պետրոսյանը: Այս տարի պեղումներն իրականացվել են միջնաբերդի, հյուսիսային պարիսպի, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցուն հարակից հատվածներում:

Անդրադառնալով հասարակության հետաքրքրությանն ու գործնականում այն բավարարելու հնարավորություններին` բանախոսն ասաց, որ սա հարցի կարեւորագույն կողմերից է: «Հասարակությանը հնարավորինս արագ վերջին հայտնագործությունների մասին տեղեկացնելը մեր մշակութային քաղաքականության խնդիրներից է: Հայի նման հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ժողովուրդն իրավունք չունի մշակույթն անջատել հասարակությունից` այն վերածելով լոկ ակադեմիական հետազոտությունների առարկայի»,-նշեց Հ. Պետրոսյանն` ավելացնելով, որ մշակութային ժառանգությունը ակնհայտորեն նպաստում է զբոսաշրջությանը, սակայն այդ կապը դեռ կանոնակարգված չէ: Բանախոսի հավաստմամբ` դեռ անհրաժեշտ գիտակցությամբ չօժտված հասարակությունը մեծապես վտանգում է պատմական արժեքները, եւ այդ հարցը կարգավորող համապատասխան մեխանիզմներ մշակելու կարիք կա:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply