ՀՀ նախագահ. «Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2010 13:48

Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է նաև Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց, որտեղ  պատասխանել է նաեւ ուսուցիչներից մեկի հարցին, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձեւաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծին:

Ուսուցչի հարցին, թե այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը եւ չեն հասկանո՞ւմ, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի, նախագահը պատասխանել է.

-Լավ կլինի, որ այս հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե, պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որեւէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Ձեր խնդիրը` երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է եւ ոչ միայն դպրոցում, այլ որպեսզի նրանք, ընդհանրապես, կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն:

Իսկ հիմա ավելի կոնկրետ`այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

Սա` մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ  է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին:

Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե`դեռեւս պրոբլեմներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է:

Գիտեք, դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, եւ որեւէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եւ այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եւ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են:

Դիտվել է 3051 անգամ:
Print Friendly

Leave a Reply