Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 30, 2010 13:42

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի  այլ պաշտոնատար անձանց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ  այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում  ստեղծված պայմաններին:

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերին ներկայացրել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով`գրադարան, մարզադահլիճ, սպորտհրապարակ, ռազմագիտության, աշխատանքի եւ համակարգչային դասասենյակներ, բուժկետ եւ այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:

Նախագահ Սարգսյանը շրջել է նաեւ հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի եւ կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:

ՀՀ Նախագահն այնուհետեւ այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նորությամբ` «երգող շատրվաններով», առավել բարեկարգ եւ գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է ԼՂՀ Անկախության օրվա նախօերին:

Դիտվել է 2133 անգամ:
Print Friendly

Leave a Reply