Սկանդալային զարգացումներ Վահան Խալաֆյանի դատավարության ընթացքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2010 13:21

Այսօր՝ օգոստոսի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց այս տարվա ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը:

Դատարանում այսօր շարունակեց ցուցմունք տալ հիմնական ամբաստանյալը՝ Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ով հայտարարեց, որ  Վահան Խալաֆյանը չէր կարող ոստիկանությունում ինքնասպան լինել:

«Ինչպե՞ս է Վահանը աշխատասենյակում եղած ժամանակ բացել պահարանի դուռը, եթե պահարանը բռնակ չի ունեցել: Որքա՞ն ժամանակում է  նա կարողացել ապակե տարայից վերցրել դանակն ու հարվածել իրեն, եթե դրա համար ժամանակ էր անհրաժեշտ, իսկ սենյակում ոստիկաններ կային: Եթե Վահան Խալաֆյանը դանակով մեկից ավելի անգամ հարվածել է իր որովայնին` 12 սմ խորությամբ, ապա դրա համար ուժ էր հարկավոր, ինչը չէր կարող անել թուլացած մարդը»,-ասաց Աշոտ Հարությունյանը: նա նշեց նաեւ, որ ինքը սարսափել է, որ ոստիկանի ձեռքով ոստիկանությունում մարդ է սպանվել: «Կարծում եմ, կսարսափեիք նաեւ դուք»,-նշեց ամբաստանյալը` ձեռքն ուղղելով մեղադրողներ Կորյուն Փիլոյանի եւ Հարություն Հարությունյանի կողմը: 

Դատին ներկա գտնվող Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ընդմիջմանը հայտարարեց, որ դատավորը պարտավոր է Աշոտ Հարությունյանի ցուցմունքների հիման վրա քրեական գործ հարուցել, քանի որ նրա ցուցմունքներից պարզ է դառնում, որ իրականում ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ ակնհայտ սպանություն:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը մահացել էր ապրիլի 13-ին՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում: Պաշտոնական վարկածով նրան ծեծի էին ենթարկել, եւ նա ինքնասպանություն էր գործել: Իրավապաշտպանների կարծիքով, սակայն, նրան սպանել են: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել չորս ոստիկաններ, որոնց մեղադրում են Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply