Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 29, 2010 11:52

Այս գիրքը ՀՀ սփյուռքի նախարարության հերթական եւ վերջին նախաձեռնություններից մեկն է, որն իրականացվել է հեղինակավոր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից: Այն ջավախահայության դավանանքային եւ տեղեկատվական վիճակի ամփոփ ուսումնասիրությունն է` հեղինակությամբ Արեստակես Սիմավորյանի եւ Վահրամ Հովյանի:

Ուսումնասիրությունը նվիրված է Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական համայնքների անցյալին եւ ներկա խնդիրներին՝ ընդգրկելով պամության եւ հոգեւոր-եկեղեցական ոլորտները։ Շոշափվում են հայերի կաթոլիկացման պատճառները, համայնքների ձեւավորման գործընթացը, հայ կաթոլիկների նկատմամբ իրականացված վրացականացման քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում Հայ Առաքելական եւ Հայ Կաթոլիկ եկեղեցիների հետեւորդների փոխհարաբերություններին, Հայ Կաթոլիկ եկեղեցու իրավական կարգավիճակի եւ դրանից բխող այլ խնդիրներին։

Հայ իրականության մեջ հոգեւոր, ազգապահպան մեծ նշանակու-թյուն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու կողքին այսօր գիտա-կան եւ փորձագիտական շրջանակներում զգալի տեղ է տրվումայլ դավանանքի ու կրոնի հարողների խնդրին։ Այս առումովուսումնասիրություններ են կատարվում նաեւ XVIII-XXդդ. հայ կաթոլիկ համայնքների վերաբերյալ, որոնք, որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու՝ ուշ միջնադարում դեպի արեւելք ծավալվելու քաղաքականության հետեւանք, միեւնույն ժամանակ ազգային դիմագծի պահպանման առումով կրել են ազգանպաստ մեծ գործ կատարած Մխիթարյան միաբանության ավանդույթները։ Նրանց դերը եւս կարեւոր է Հայության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ ազգապահպան լծակների ամրագրմամբ: Հայտնի է, թե ինչ ծանր հետեւանքներ ունեցավ, օրինակ՝ Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա գաղթած հայերի կաթոլիկացումը, ինչը հանգեցրեց նրանց մեծ մասի ձուլմանը։

Դավանանքային տարբերությունը չպետք է խաթարի ազգային պատկանելության ընկալումը՝ համազգային խնդիրներ լուծելու հրամայականով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել եւ փորձել գտնել, թե ինչ նմանությունների հիման վրա են կառուցված դավանանքով տարբեր, բայց նույնէթնիկ եւ համանման քրիստոնեական արժեհամակարգ ունեցող հատվածները։

Այդ նպատակով հեղինակները փորձել են ներկայացնել Ջավախքի՝Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների հայ կաթոլիկ գյուղերի այսօրվա հոգեւոր-եկեղեցական, փոխադարձ ընկալման եւ բազմաշերտ այլ հիմնահարցեր։ Ջավախքի հայ աթոլիկների թեման պատահականորեն չենք ընտրել, քանի որ վերջիններս հայապահպանման տեսանկյունից ինքնատիպ են եւ օրինակելի մյուս հայ կաթոլիկ համայնքների համար։

Արեստակես Սիմավորյանն ու Վահրամ Հովյանն անհրաժեշտ են համարել օգտվել հայ կաթոլիկների վերաբերյալ պատմագիտական ուսումնասիրություններից, համացանցից։ Ջավախքի եւ, մասնավորապես, հայ կաթոլիկների հետ ունեցած անձնական կապերը հնարավորություն են տվել ռեալ պատկերացնել վերջիններիս շրջանում տեղի ունեցող գործընթացները։ Աշխատանքում ներառվել է նաեւ 2009թ. հու նիսին Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական համայնքներում (Տուրցխ, Ալաստան, Վարեւան, Խուլգումո, Հեշտիա, Թորիա, Ուջմանա) «Նորավանք» ԳԿՀ փորձագետների կատարած դաշտային հետազոտությունների նյութը։

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply