Խնկո Ապոր անվան գրադարանում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 28, 2010 14:01

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, գրադարանի առաջնային խնդիրներից է շենքի հիմնանորոգումը, քանի որ այն շահագործման է հանձնվել 1980թ.-ից: Գրադարանում հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են դեռեւս 2007թ.-ից, զգալի մասն ավարտվել է:

Արդեն ներքին հարդարման աշխատանքներն են իրականացվում, բարեկարգվում է գրադարանի շենքի հարակից տարածքը, ամբողջությամբ վերականգնվել են շենքի աստիճանները: Մինչ այդ, գրապահոցները շատ անմխիթար վիճակում են եղել, սակայն, Ռ. Տոնոյանի խոսքով, այժմ գրականության հետագա պահպանությունը վտանգված չէ: Հիմնանորոգվել է նաեւ գրադարանի տանիքը: Չնայած գրադարանի շենքում իրականացվող շինարարական աշխատանքներին`Ռ. Տոնոյանը նշեց, որ գրադարանը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը:

Բոլոր միջոցները ձեռնարկվել են ընթերցողների համար հնրավորինս բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Ռ. Տոնոյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ից գրադարանի ակտիվ գործունեության շրջանն է սկսվում: Գրադարանն առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել ընթերցասերների համար:

Սեպտեմբերի 1-ին` նվիրված Գիտելիքի օրվան, կանցկացվի ցերեկույթ, սեպտեմբերի 6-ին` տիկնիկային ներկայացում «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգայի փառատոնի շրջանակներում: Գրադարանը տարվա ընթացքում եւս բազմաթիվ միջոցառումներ է նախատեսում` Ղազարոս Աղայանի ծննդյան 170, Հենրիկ Մալյանի` 85, Խնկո-Ապոր` 140, Յ. Խ. Բախի` 325, Ավ. Իսահակյանի` 135, Պ. Չայկովսկու` 170, Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, կանցկացվեն նաեւ այլ միջոցառումներ:

Գրադարանը կնշի նաեւ Գրադարանավարի օրը` հոկտեմբերի 7-ը: Այդ օրը կանցկացվի «Ճանապարհորդություն գրքերի աշխարհ» խորագրով տիկնիկային ներկայացումը, «Երեւան` թանգարան բաց երկնքի տակ» խորագրով մրցույթ, պոեզիայի ժամ, վիկտորինաներ եւ այլն:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply