Կողոպուտ. գլխավոր հաշվապահից 16 մլն դրամ են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2010 13:35

Օգոստոսի 27-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 12.30-ին «սաֆարի» գույնի, առանց պետհամարանիշի «ՎԱԶ-2103» մակնիշի մի ավտոմեքենա, վթարային իրավիճակ ստեղծելով, կանգնեցրել է «Ադամիում» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, 1975 թ. ծնված Արսեն Ա.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

«ՎԱԶ-2103»-ից իջած երկու երիտասարդներից մեկը ատրճանակը պահելով Արսեն Ա.-ի ուղղությամբ` հարվածել է դեմքին, ստիպողաբար նստեցրել «Մերսեդես»-ի վարորդի կողքի նստելատեղին, կապկպել, մեքենան վարել հարակից տարածքում գտնվող հողամասերը, ապա պարանոցից պոկելով 2 ոսկյա շղթաները` վերցրել են բջջային հեռախոսը, ոսկյա մատանին և ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 16 մլն  դրամ, ու հեռացել:

Դեպքի վայրից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերվել է «ՎԱԶ-2103» ավտոմեքենան` հրդեհված վիճակում:

Արսեն Ա.ից ընդունվել է հաղորդում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply