Լրագրողական մրցույթ` միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 28, 2010 13:21
«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարվում է Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «Ճամպրուկ» լրագրողական մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց մրցանակաբաշխության համակարգող Գալուստ Նանյանը, մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
«Ակնկալում ենք բարձրացնել ոլորտի կարեւորության գիտակցությունը լրագրողների մոտ»,- ասաց Գ. Նանյանը` նշելով, որ այս մրցույթը երկրորդ անգամ է կազմակերպվում եւ հույս ունեն, որ այս տարի հայտերի թիվը առավել մեծ կլինի: Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2010թ.-ի հունվարից մինչեւ նոյեմբերը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ: Գ. Նանյանի խոսքով` ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր:
Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաեւ վկայականներ եւ դրամական պարգեւներ. 1-ին տեղ` 180 հազար դրամ, 2-րդ տեղ` 90 հազար դրամ, 3-րդ տեղ` 45 հազար դրամ: Համակարգողի տեղեկացմամբ` նյութերը պետք է ներառեն 350-500 բառ եւ պետք է կառուցված լինեն հանրությանը մատչելի, պետք է պահպանված լինի լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը, ընտրված թեման լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն, նյութերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ հիմնված իրական փաստերի վրա:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել www.migrant.am, www.media.am եւ www.jnews.am կայքերից ներբեռնած դիմում հայտի ձեւը եւ այն նյութի հետ ներկայացնել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա: Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2010թ.-ի նոյեմբերի 10-ն է:
Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին` միգրանտների միջազգային օրը: Ծրագիրն իրականացնում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի` «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
