Չիլիի հանքափորները, որոնց հնարավոր կլինի ազատել 4 ամսից, դեպրեսիայի մեջ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Անի Գասպարյան | August 28, 2010 13:11
Չիլիի հանքահորերից մեկում փակված 33 հանքափորներից հինգի մոտ նկատվում են դեպրեսիայի նշաններ, հայտնում է “Բի-բի-սի”-ն: Չիլիի առողջապահության նախարարի խոսքով, հանքափորների մի մասը քիչ են սնվում և հրաժարվում նկարահանվել հանքահոր ուղարկված տեսախցիկով:
Նախարարը խոստացել է, որ իրենք կփորձեն հոգեբանական աջակցություն տրամադրել հանքափորներին` ներկայումս նրանց հետ գործող կապի միջոցով:
Հիշեցնենք, որ հանքափորներն արդեն երեք շաբաթ է, ինչ փակված են հանքահորի տեղամասերից մեկում: Նրանց տեղը բացահայտվել է միայն օգոստոսի 22-ին: Հանքահորի “բանտարկյալները” գտնվում են 700 մ խորության վրա:
Փրկարար թունելի հորատման աշխատանքները կսկսվեն երկուշաբթի և կտևեն մինչև չորս ամիս:
Ներկայումս հորատվել է նեղ անցք, որը միայն հնարավորություն է տալիս իջեցնել սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
Հանքափորների հարազատները հանքահորի հարևանությամբ վրաններ են տեղակայել և ժամանակավորապես ապրում են այնտեղ:
Նրանք դատի են տվել San Esteban Mining ընկերությանը, որին պատկանում է հանքը և լեռնահանքային արտադրության անվտանգության մի քանի տեսուչների:
Դեռ 2007-ին հանքը վթարի հետևանքով փակվել էր, սակայն մեկ տարի անց` կրկին վերաբացել:






Facebook
Tweet This
Email This Post
