Որդեգրման հարցերին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ ԱԳՆ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 28, 2010 11:49
Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության եւ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության նախաձեռնությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում` նվիրված օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաներ որդեգրելու հարցերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին ,որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, ԱԳՆ հյուպատոսական վարչության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունը 2007թ. միացել է 1993թ. Հաագայի «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային, որի դրույթների համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010թ. մարտի 18-ի թիվ 269-Ն որոշմամբ հաստատել է որդեգրման եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված` ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման կարգը: Հանգամանալից քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնել են սերտ համագործակցություն հաստատել որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով եւ, ելնելով երեխաների շահերից, հետամուտ լինել նրանց հետորդեգրումային ճակատագրին:






Facebook
Tweet This
Email This Post
