Լոռի Բերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 17:00

Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Լոռի Բերդ գյուղում կատարած լայնածավալ հետազոտություններից հետո արձանագրել է ուշագրավ արդյունքներ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, հնավայրը թվագրվում է 10-17-րդ դարերին: Պեղումների արդյունքում բացվել են խանդակը, 24 մետր բարձրությամբ ու 20 մետր հաստությամբ պարիսպները:

Կատարվել են մեծամասշտաբ հետազոտություններ, մեծաթիվ եւ արժեքավոր են եղել նաեւ գտածոները` ոսկրաբանական նյութեր, խեցեղեն, ապակի, բրոնզ, երկաթե իրեր, ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար գործիքի 17-րդ դարի թիթեղ, որի վրա տեսանելի են արաբական արձանագրությունները եւ կարդացվում է «Փարիզի քաղաքագլուխ» բառակապակցությունը: Լոռի Բերդում գտնվել է նաեւ վաղ երկաթե դարի բազալտե արձանիկի գլուխ: «Սա առանձնակի գտածո է, հիանալի կերտած մարդահասակ արձանիկի գլուխ»,- ասաց տնօրենը: Հ. Սիմոնյանի խոսքով` գտնվել են բավականին որակյալ ոսկրե, ապակե պերճանքի առարկաներ, խաչքարեր, 13-րդ եւ 14-րդ դարի ընդարձակ արձանագրություններ:

«Այս հետազոտությունները ներկայացնում են միջնադարյան մշակույթը, այստեղ եղել է Բագրատունյաց հարստության մեկ ճյուղի` Կյուրիկյանների մայրաքաղաքը»,- ասաց տնօրենը: Նշենք, որ հնավայրը գտնվում է Ստեփանավան քաղաքից 3 կմ հեռավորության վրա եւ վերջինիս պատմական անունը Լոռե է:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply