Գ.Հարությունյան. «Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը ձախողում է ապրում»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 27, 2010 15:19
Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը ձախողում է ապրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` ավելացնելով, որ ադրբեջանական հասարակության որոշ հատվածի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, թե Ադրբեջանը դարձել է փոքր խաղալիք մեծ տերությունների ձեռքում: Ադրբեջանի արտաքին քաղաքականության ձախողման ուղղություններից Գ. Հարությունյանը մատնանշեց այն, որ այդ երկիրը ոչ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, սառեցում է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում, նույնիսկ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում Ադրբեջանը չի ստանում այն, ինչ կցանկանար:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով` Ադրբեջանն իր տեղեկատվական դաշտում օգտագործում էր երկու հիմնական թեզ. առաջին` Ադրբեջանը հարուստ երկիր է եւ կարող է զենք ձեռք բերելով հաղթել Հայաստանին, եւ երկրորդ` բնակչության քանակական առավելությամբ կարելի է հասնել հաղթանակի:
«Սակայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցից եւ ստորագրված կարեւորագույն պայմանագրերից հետո Ադրբեջանը այլեւս չի կարող մտածել հեշտ հաղթանակի մասին»,- ասաց Դ. Ջամալյանը` ավելացնելով, որ հիմա այդ երկիրը փորձելու է գնալ պայմանագրերի վարկաբեկման ճանապարհով: «Ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում որոշակի կոնսենսուս է նկատվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- նշեց Գ. Հարությունյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ի վերաբերմունքը հայ-ռուսական վերջին պայմանագրերին:






Facebook
Tweet This
Email This Post
