Կանոնակարգվում է կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2010 14:37

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծվել է կառավարական խումբ, որը կկանոնակարգի կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգը: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոր համակարգը դրականորեն կազդի ֆինանսական շուկայի զարգացման վրա: Այն հնարավորություն կստեղծի քաղաքացուն կենսաթոշակ ստանալ մի քանի աղբյուրներից` կամավոր, պարտադիր, ինքնուրույն կուտակած եւ այլն: Ըստ բանախոսի` առավելագույնս նվազեցվում է թոշակառուի կենսական անկման հնարավորությունը:

«Այժմ թոշակառուի միջին կենսաթոշակը նախկինում աշխատածի 25 տոկոսն է կազմում, իսկ բարեփոխումների արդյունքում ակնկալում ենք այդ թիվը հասցնել 40-50 տոկոսի»,- նշեց Կ. Թամազյանը` ավելացնելով, որ ստեղծվում է մասնավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգ, որտեղ անձը, տարիների ընթացքում կուտակելով իր միջոցները, հետագայում ստանալու է դրանք` գումարած այդ ընթացքում ապահովված եկամտաբերությունը: Արդյունքում` ֆինանսական շուկայում մեծ առաջարկ է ստեղծվում:

Անհրաժեշտություն է առաջանում զարգացնել ֆինանսական գործիքները, ներդրման աղբյուրները, պարտատոմսային եւ արժեթղթային շուկան: «Կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում համարվում են ամենաբարդը եւ ամենաառնչվողը բնակչության հետ. այն սերտորեն կապված է ներկա եւ ապագա բոլոր կենսաթոշակառուների հետ` այսինքն` բոլորիս հետ»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետը:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply