Աջակցություն Հայաստանի դպրոցականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 27, 2010 13:48
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը մարզային դպրոցներին ցուցաբերվող սոցիալական ծրագրերի շրջանակներում օգոստոսի 24-26-ը եղավ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մանկական գեղարվեստի, Լոռու մարզի Արծնի, Ձորամուտ համայնքների դպրոցներում, որտեղ 180 աշակերտ ստացավ շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ արժողությամբ դպրոցական անհրաժեշտ պարագաներ:
Շնորհիվ Հիմնադրամի Բրիտանիայի տեղական մարմնի` ի դեմս ատենապետ Արմինե Կարապետիի, վերջին տասը տարիների ընթացքում սոցիալական աջակցության այս ձեռնարկն ունեցել է ավելի քան 1800 աշակերտ-շահառու` Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում:
«Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին զուգահեռ, շարունակաբար աջակցության ծրագրեր է իրականացնում մարզային դպրոցներում: Հուսով եմ` նմանօրինակ ձեռնարկները նոր ուսումնական տարվա նախաշեմին թեթեւացնում են ծնողների հոգսը»,- նվերները հանձնելիս ասաց Անահիտ Ղազարյանը, ով Հայաստան էր ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողները, ուսուցիչները, տնօրենները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարները: Իսկ աշակերտներն իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգի, ասմունքի գեղեցիկ կատարումներով եւ իրենց իսկ ձեռքով պատրաստած նվերներով: Իր նկարների մասին գովեստի խոսքեր լսելով Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի իննամյա սան Սոնան ամոթխած ժպիտով ասաց,-«Շատ եմ ուզում հայտնի նկարիչ դառնալ»:
Ձորամուտի բնակիչ, երեք դպրոցահասակ երեխաների մայր Աղավնի Չափանյանը կսկիծով նշեց, որ լինում է եւ այնպես, երբ դպրոցականները խուսափում են դպրոց հաճախել դպրոցական պիտույքներ չունենալու պատճառով:
«Այս հեռավոր գյուղերի բնակիչների համար շատ կարեւոր է անգամ ամենափոքր ուշադրությունը»,- կարծիք հայտնեց ծրագրի պատասխանատու Մարիամ Զենջիրջյանը:






Facebook
Tweet This
Email This Post
