ԻԻՀ փոխնախագահ Հ.Բաղային խոսել է Հայոց ցեղասպանության մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2010 13:24
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Մշակութային ժառանգության, ձեռագործ արվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության նախագահ Համիդ Բաղային օգոստոսի 25-ին «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ արած հայտարարությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանին հասցված վնասների վերաբերյալ` նա նշել է, որ խնդիրը ենթակա է իրավական հետեւողականության:
Ինչպես հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը, նախագահի տեղակալը, պատասխանելով այն հարցին` արդյո՞ք խնդիրը չի հնացել եւ ենթակա է արդյոք հետեւողականության, ասել է, որ ներկայումս նման խնդիրներ են արծարծվում միջազգային հանրությունում աշխարհի տարբեր երկրների կողմից, որոնցից կարելի է անդրադառնալ Ճապոնիայի վերջին բողոքներին:
Նա անդրադարձել է այդ կապակցությամբ այլ օրինակների եւ ավելացրել. «Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915 թվականին, ցեղասպանություն է իրականացրել որոշ թվով հայերի նկատմամբ, ներկայումս նրանով հանդերձ, որ վերացել է Օսմանյան կառավարությունը, դեռեւս հայերը Թուրքիայից ուզում են, որպեսզի այդ խնդրի համար պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի»:0
«Իրան. հաղթանակի կամուրջ» մեկօրյա համաժողովը անց է կացվել «Սաադ Աբադ պատմամշակութային համալիրում»՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի եւ Մշակութային ժառանգության կազմակերպության մի շարք պատասխանատուների մասնակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
