Օգոստոսյան խորհրդակցություն` երկու նախարարի մասնակցությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2010 13:20

2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ մարզերում և Երևան քաղաքում օգոստոսի 25-ից մեկնարկել են հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները:

Ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով մարզ էին այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կրթության հիմնական գործընկերները և կրթության ոլորտում քաղաքականություն թելադրող ինստիտուտներն այսօր Հայ Առաքելական Եկեղեցին է և Հայոց բանակը: Այս եռամիասնության մեջ ենք մենք տեսնում ոչ միայն գիտական կադրերի պատրաստման, այլ նաև արժեքներ կրթող և երկրի անվտանգության մեջ իրենց ներդրումն ունեցող մարդկանց պատրաստման խնդիրները: Մեր բոլորի նպատակն է ազգային անվտանգության ուժեղացումը, և եթե պաշտպանությունն ազգային անվտանգության արտաքին հզորագույն շերտն է, ապա կրթությունը, գիտությունը, մշակույթը`ներքին հիմնական հենասյուները: Սա է մեր գաղափարաբանական միասնության, համատեղ աշխատանքի և ապագայի տեսլականը»,-նշել է նախարարը` հավելելով, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են բազմաթիվ նոր ծրագրեր:

Անդրադառնալով մարզերի կրթական խնդիրներին` Ա. Աշոտյանը դրանք բաժանել է երկու տեսակի` համընդհանուր, որոնք բնորոշ են կրթական համակարգին առհասարակ` կառավարման որակ, մանկավարժների աշխատավարձ, ժողովրդագրական ցուցանիշների պատճառով համապատասխան դրույքային փոփոխություններ, տեխնիկական հագեցվածության, դպրոցի շենքային պայմանների, վերանորոգման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև յուրաքանչյուր մարզին հատուկ խնդիրներ:

Անդրադառնալով կրթական հիմնախնդիրներին առհասարակ` Ա. Աշոտյանը նշել է, որ այս տարի տեղական իշխանությունների հետ միասին փորձ է արվելու չեզոքացնել բոլոր բացասական երևույթները, մասնավորապես, անկախ ժողովրդագրական ցուցանիշներից, պետք է հնարավորինս զերծ մնալ ուսուցիչների կրճատումներից:

Ծրագրային բարեփոխումների վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այս համատեքստում նախատեսվում են լուրջ փոփոխություններ, մասնավորապես, ուսումնական ծրագրերի բեռնաթափման առումով, որովհետև, ըստ նախարարի, ծրագրերն իրականում գերհագեցած են, իսկ երբեմն մատչելի չեն աշակերտների դասավանդման համար, և նախարարությունը որդեգրել է ծրագրերի բեռնաթափման և դրանք առավել մատչելի դարձնելու քաղաքականություն:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշել է, որ գիտելիքն այն հիմնական ուղղություններից մեկն է, որի հիմքի վրա է կայանում ազգային անվտանգությունը, և գիտելիքի առաջնայնությունն անչափ կարևոր է յուրաքանչյուր գերատեսչության և հատկապես  Հայոց բանակի համար, որտեղ 2010 թվականը հայտարարվել է որպես գիտելիքի տարի; «Քննարկելով ռազմահայրենասիրական դաստիարակության այսօրվա խնդիրները մարզում` մենք եկել ենք այն եզրակացության, որ այն անչափ կարևոր ուղղություն է, և վերջինիս բացակայությունը մեր պետության համար սպառնալիք է, որն ամրագրված է նաև ռազմական դոկտրինում: Եվ որքան դպրոցներում երեխաներն ավելի լավ են ընկալում հայրենասիրությունը, ռազմական առաջին տարրերն արագ տիրապետած գալիս բանակ, բանակի ղեկավարության համար այնքան ավելի դյուրին է աշխատելը նրանց հետ: Ելնելով վերոնշյալից` մենք համապատասխան եզրակացություն պետք է անենք` առաջին հերթին զինղեկների պատրաստման, ուսումնանյութական բազայի կատարելագործման տեսանկյունից; Մենք այսօր մի քանի դպրոցներում ունենք համապատասխան օրինակելի բազաներ, որոնց փորձը հետագայում կտարածվի նաև այլ դպրոցներում»,-նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply